Իտալացի նորաձևության դիզայներ Ջորջիո Արմանին և հայտնի շեֆ-խոհարար Ջինո Սորբիլոն դարձել են ՄԱԿ-ին առընթեր Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) նոր դեսպանները՝ ի պատիվ Իտալիայում զբոսաշրջության վերագործարկման: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ կազմակերպության մամուլի ծառայությանը հղումով:
UNWTO- ն նշել է, որ Արմանին և Սորբիլոն, որպես դեսպաններ, կօգտագործեն իրենց կարգավիճակը և ազդեցությունը, որպեսզի առաջ մղեն ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալության աշխատանքը պատասխանատու և կայուն զբոսաշրջության ոլորտում:
«Լինելով գաստրոնոմիայի և նորաձևության բնագավառի առաջատարներ, նրանք ներկայացնում են Իտալիայի տնտեսության երկու խոշորագույն ճյուղերը, որոնք նպաստում են երկիրը տուրիզմի ոլորտում համաշխարհային առաջատարի վերածելուն»,- ընդգծել են UNWTO-ում:
Նրանք նաև հույս են հայտնել, որ նոր նշանակումները կամրապնդեն կազմակերպության ամուր հարաբերությունները Իտալիայի հետ: