Լուրեր
Այսօր համախմբվող ուժերը նախկինների հոգեզավակն են. ժողովուրդը կտրորի բոլորին, բայց իշխանություն չի տա
  • 21:40
  • 2020-07-03
  • Դիտումներ՝ *

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար, «Ազատամարտիկների դաշինք»-ի խորհրդի անդամ Գագիկ Մելքոնյանը:

– Պարոն Մելքոնյան, վերջին շրջանում խմորումներ են տեղի ունենում. խորհրդարանական-արտախորհրդարանական տարբեր ուժեր, սուբյեկտներ փորձում են համախմբվել տարբեր օրակարգերի շուրջ, մասնավորապես այդ ուժերի ընդհանուր մոտեցումն այն է, որ իշխանության են եկել մարդիկ, որոնք վտանգ են ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, վերջին շրջանում ակտիվորեն խոսում են, որ նրանք վտանգավոր են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների համար: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են այս ուժերը հենց այս համատեքստում թիրախավորում Հայաստանի լեգիտիմ իշխանություններին:

– Այդ ուժերը, որ այսօր համախմբվում են, նախկին իշխանությունների ձևափոխված տեսակն են, նախկին իշխանությունների հոգեզավակներն են, նրանց խամաճիկներն են, որոնք այն ժամանակ էլ ծառայել են նախկին իշխանություններին և հիմա էլ շարունակում են ծառայել: Նրանք իշխանություն են կորցրել, պարզ է, որ ուզում են իշխանությունը հետ վերցնել ժողովրդից, նրանք մի բանում սխալվում են, չեն հասկանում, որ ժողովուրդն է իշխանության եկել, իսկ ժողովուրդը երբեք իշխանությունը հետ չի տա դրանց, կկոտորի, կտրորի բոլորին, բայց իր իշխանությունը հետ չի տա: Ինչպես ուզում են համախմբվեն, ինչ դիմակ ուզում է դնեն, բոլորս ճանաչում ենք, թե ովքեր են իրենք: Մեր հիշողությունը հո հավի հիշողությո՞ւն չէ. ընդամենը երկու-երեք տարի առաջ էին իրենք ղեկավարում երկիրը, էդ ի՞նչ են արել, որ հիմա գործող իշխանությունները չեն կարողանում անել:

– Ասում են՝ այս իշխանությունները եկան, փչացրեցին հայ-ռուսական հարաբերությունները, պարբերաբար Ռուսաստանի ուշադրությունը փորձում են հրավիրել նրա վրա, որ այսօր-վաղը Հայաստանը դավաճանելու է Մոսկվային, այլ ուղղությամբ է գնալու: Ասում են նաև, որ այս իշխանությունները վտանգում են արցախյան խնդրի լուծումը, որ վաղը հող կհանձնեն: Նաև համարում են, որ այսօրվա իշխանությունը մսխում է իրենց ձեռքբերումները:

– Մինչև հեղափոխությունը մեր երկրի հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն եղել հավասարը հավասարի պես, չի եղել այնպես, որ կարողանանք մեր խնդիրներն ինքնուրույն լուծել, մենք եղել ենք Ռուսաստանի վասալը, Ռուսաստանը ոնց ուզել օգտագործել է Հայաստանին… Մեր ամբողջ տնտեսությունը նվեր տվեցինք Ռուսաստանին ինչ-որ 300 միլիոնի դիմաց, հիմա մեր երկիրը ոչ մի բան չունի, ինչի ձեռք ենք տալիս, ռուսներինն է, ինչ անում ենք, փաստորեն, անում ենք ռուսների համար: Հիմա այս իշխանությունն ասում է՝ մեր հարաբերությունները պետք է լինեն ինչպես հավասարը հավասարի հետ, եթե մենք պետք է մի գծի վրա լինենք, երկաթգիծը ձեզ նվեր ենք տվել, նորմալ պետք է աշխատի, հարկ ու տուրքերը մուծի, գազը պետք է էժան լինի… Այս ուժերի նպատակը վասալային հարաբերություններին վերադառնալն է: Վերջին իրադարձությունների ժամանակ՝ ՍԴ-ի հետ կապված, Ծառուկյանի հետ կապված, տեսա՞ք, միանգամից վազեցին ՌԴ դեսպանատուն՝ գնացին զեկուցեն, լացեն, մուրան: Ի՞նչ եք մուրում, երկիր ունենք, անկախ պետություն ունենք, պիտի բոլորս միավորվենք, մեր պետությունը բարձրացնենք: Պատմությունից դասեր չեն քաղում, երկիրը բաժանում են Արևմուտքի, Ռուսաստանի միջև: Ինչո՞ւ եք այդպես անում: Եթե սխալ բան է արվում, ասեք՝ մենք կարող ենք օգնել, եկեք այս ինչ բանը դզենք, ոչ թե առավոտից իրիկուն ձեր լրատվամիջոցներով գոռացեք՝ չեն կարողանում, չեն կարողանում: Ի՞նչ չեն կարողանում անել, այո՛, թալան չեն կարողանում անել, կաշառք չեն կարողանում վերցնել: Գոնե հասկացեք, որ մի կարգին բան է եղել և ժողովրդի սրտով է: Անընդհատ ուզում եք ժողովրդին հակառակ գնալ, ժողովուրդը չի ուզում ձեզ, զզվել է ձեզանից, ինչ դիմակ էլ դնեք՝ նույնն եք, նույն բանն եք ուզում, բայց ժողովուրդն ուզում է, որ ունենա անկախ պետություն ու ինքը տնօրինի իր երկրի բախտն ու վիճակը:

Ովքե՞ր են այդ հավաքվածները, այս երկրի համար մի լավ բան ունե՞ն արած: Երեկ Շարմազանովի հարցազրույցը լսեցի, ինչքա՜ն «մտահոգ էր» էս պետության համար, քիչ մնաց լաց լիներ այդ տղան, թե պետությունը կործանվում է, ժողովուրդ ջա՛ն, փրկե՛ք: Շարմազանովներին խորհուրդ կտամ հավաքվեն, ծափ տան, երգեն-ուրախանան, թողնեն մեր իշխանությունները ղեկավարեն: Չենք ասում, թե արտակարգ լավ ձևով է ղեկավարվում երկիրը, բացթողումներ կան, մանավանդ այս համավարակի ժամանակ: Ամբողջ աշխարհի մասշտաբով տնտեսությունները կործանվում են, փառք Աստծո, մենք դեռ մեծ տնտեսական կորուստներ չենք ունեցել: Օգնելու փոխարեն, իրենք ուզում են բրթեն, իրենց անձնական շահն է հետաքրքրում, մանավանդ որ՝ մի քանի օրենք է ընդունվել, իրենք մտավախություն ունեն, զգում են իրենց վերջնական կործանումը և հեղափոխության հաղթանակը: Հեղափոխությունը դեռ չի ավարտվել, դեռ նոր պետք է ավարտին մոտենա, և հեղափոխության ավարտին արդեն լեգիտիմ Սահմանադրական դատարան կունենանք: Բայց նախկինները դեռ հույս են տվել ՍԴ-ին, թե գալու ենք, բայց չի ստացվում նրանց գալը:

– Դուք խոսեցիք ՍԴ-ի մասին, սահմանադրական փոփոխություններով լուծվեց ՍԴ ճգնաժամը, բայց ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Դատախազություն, գործընթացը համարել են հակասահմանադրական: 

– Պարզ է, որ նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի այս գործընթացները անընդհատ ձգձգվեն: Սահմանադրական դատարանն ինչ է արել, օրինակ, 2004թ. նախագահի նկատմամբ անվստահության խնդիր առաջացավ, իրենք ի՞նչ արեցին, հետ կանգնեցին, և նախագահը շարունակեց պաշտոնավարել: Այդ օրվանից Սահմանադրական դատարան չկա, ՍԴ-ն ոչ միայն ծառայել է նախկին իշխանություններին, այլ նաև նրանց ծառան են եղել: Մանավանդ 2015թ. սահմանադրական փոփոխություններով այնպես արեցին, որ իրենք մինչև կյանքի վերջ նստեն այնտեղ: Դրա համար հիմա ում ուզում են պաշտոնանկ անեն, ասում են՝ չէ, մենք այստեղից չենք գնա, այսինքն՝ իրենք աթոռից կպած են: Ես մեր իշխանություններին խորհուրդ կտայի ամեն մեկին իր աթոռը տային, թող իրենց աթոռը վերցնեն գնան տուն, իրենց տանը նստեն այդ աթոռին ու ղեկավարեն, քանի որ նրանք չեն կարողանում պոկվել իրենց աթոռներից:

– Ի դեպ, այսօր ՍԴ արդեն նախկին անդամներից մեկը փորձել է մտնել ՍԴ շենք, ոստիկանները թույլ չեն տվել, մեծ աղմուկ է բարձրացել:

– Ինչքան էլ աղմուկ բարձրացնեն, վերջը պետք է հանգստանան, հիմա ո՞վ կարող է օրենքին դեմ գնալ: Օրենք է, պետք է ենթարկվենք օրենքին, վերջապես պետք է գա ժամանակը, որ մենք մեր օրենքը, մեր Սահմանադրությունը սիրենք, իմանանք, որ պաշտպանված ենք: Սահմանադրությունը մեր պաշտպանվածության խնդիրները պետք է հիմնականում լուծի, ոչ թե իշխանությունների հարցերը: Իրենք մնում են, որովհետև նախկին իշխանություններն ասել են՝ համբերեք, հեսա կգանք. ո՞վ է գալու, ի՞նչ է անելու, դեռ չի երևում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *