ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ ֆրակցիաները միասնական ճակատով հանդես կգան բռնակցման իսրայելական ծրագրերին հակազդելու համար: Այդ մասին հայտարարվել է պաղեստինյան քաղաքական շարժումների ներկայացուցիչների՝ երկար տարիների ընթացքում առաջին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցել են ՖԱԹՀ-ի կենտկոմի անդամ Ջիբրիլ ալ Ռաջուբը և ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի փոխղեկավար Սալեհ ալ Արուրին:
«Այսօր մենք հանդես ենք գալիս միաձայն և միասնական ճակատով, մենք աշխատելու ենք միասնական ռազմավարական տեսլական ստեղծելու վրա՝ բռնակցման իսրայելական նախագծին հակազդելու համար»,- հայտարարել Է ալ Ռաջուբը:
«Մեր նպատակն Է՝ 1967 թվականին բռնազավթված պաղեստինյան բոլոր տարածքների նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ Պաղեստինյան պետության ստեղծումը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով, ինչպես նաև փախստականների խնդրի լուծումը՝ գործող միջազգային համաձայնագրերին ու իրավունքին համապատասխան»,- հավելել է նա:
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Սալեհ ալ Արուրին, որը մամուլի ասուլիսին մասնակցում է տեսակապով, բարձր է գնահատել այն դիվանագիտական ջանքերը, որոնք Պաղեստինի ղեկավարության կողմից ձեռնարկվում են ԱՄՆ-ի կողմից աջակցվող իսրայելական պլաններին դիմակայելու համար: Նրա խոսքով՝ բռնակցման ցանկացած ձև անընդունելի է պաղեստինցիների համար՝ հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: