Հուլիսի 2-ից սկսվում են ընդունելության միասնական քննությունները։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Այսօր արդեն ներբուհական քննություններն են իրականացվել։ Ամիսներ առաջ, երբ կորոնավիրուսը նոր էր տարածվում, լրջորեն քննարկում էինք քննությունների անցկացման հնարավորությունը։ Որոշում կայացրեցինք անցկացնել ընդունելության մեկ քննություն՝ ապահովելով անվտանգության բոլոր կանոնները։ Ըստ դրա՝ ՀՀ 47 քննական կենտրոններում, որոնցից 17-ը Երևանում են, 30-ը՝ մարզերում, հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին տեղի կունենան միասնական քննություններ։ Ամենահագեցած օրը լինելու է հուլիսի 6-ը, երբ ամենաշատ դիմորդներն են մասնակցելու»,-ասաց նախարարը՝ ծնողներին հորդորելով հնարավորինս զերծ մնալ քննական կենտրոնի մոտ ավանդական հավաքներից։ Արայիկ Հարությունյանը նկատեց՝ վստահ է, որ երեխաները կարող են ինքնուրույն հասնել քննական կենտրոններ, իսկ եթե այլ համայնքներից պետք է այստեղ գան, նրանց պետք է ուղեկցի մեկ մարդ ու քննական կենտրոն ուղեկցելուց հետո լքի տարածքը։