Ինչպես գրում է պորտուգալական Correio da Manha թերթը, Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ վրացական պատվիրակությունը խրախճանք է կազմակերպել հյուրանոցում, որին մասնակցել է 80 մարմնավաճառ: Թերթը գրում է, որ խրախճանքն այնպես աղմկալից է եղել, որ նույն հյուրանոցում հանգրվանած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ստիպված է եղել բողոքել հյուրանոցի ղեկավարությանը: Վրացական կողմը լրացուցիչ խնդիրներ է ունեցել այն բանից հետո, երբ հյուրանոցի ղեկավարությունը վրացական պատվիրակության կազմում ճանաչել է «հնագույն մասնագիտության» ներկայացուցիչներից մեկին: Մինչ այդ վրացիներն այդ կնոջը ներկայացրել են որպես պատվիրակության անդամ: Հյուրանոցի ղեկավարությունը «դեպքի վայր» է կանչել ոստիկանությանը: Ինչպես նշում են լրատվամիջոցները, խրախճանքին մասնակցել են նաեւ հայկական պատվիրակության անդամները: Վրաստանի արտգործնախարարությունն այս լուրը չի մեկնաբանել` նշելով, որ տեղեկություն չունի դրա մասին: Հայաստանի արտգործնախարարությունը անհեթեթություն է որակել այդ լուրը: Ինտերֆաքսին տված մեկնաբանությունում արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ «դա այնքան անհեթեթ լուր է եւ չի համապատասխանում իրականությանը, որ նույնիսկ կարիք չունի մեկնաբանության»: