«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր Հաճն համայնքում, Չարենցի 17-18 շենքների բակում տևական ժամանակ է՝ ապօրինի շինարարություն է ընթանում։ Բնակիչների խոսքով՝ համայնքապետը թույլատրել է այդ ապօրինությունը, ու քանի որ շինարարությունն ապօրինի է, հիմնականում ընթանում է գիշերային ժամերին։
Ապօրինի շինարարությունը կատարվում է ավագանու ներկա ու նախկին երկու անդամների գլխավորությամբ, որոնք բոլորն էլ ԲՀԿ-ական են ու մականունավոր՝ «Ծիտ Մանվել» ու «Դեյուզ Հայկ»։ Նրանք էլեկտրական ենթակայանի անմիջապես կողքին լավաշի փուռ են կառուցում։ Ասում են, որ վերջիններս ամեն ինչ անում են, որ ապօրինի շինարարության մասին տեղեկությունները չհասնեն Կոտայքի մարզպետին, քանի որ այդ պարագայում հետևանքները հայտնի են։
Նշենք, որ վերը նշված տարածքներում եղել է խաղահրապարակ, բայց առավել զարմանալին այն է, թե ինչպես է ՀԷՑ-ը թույլ տվել էլեկտրական ենթակայանի մոտակայքում շինություն կառուցել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: