Վրաստանում միջազգային կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը պաշտոնապես երկարաձգվել է մինչև հուլիսի 31-ը, հաղորդել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:
Գերատեսչությունը քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ ավիատոմսեր գնելուց, քանի դեռ իշխանությունները չվերթները վերսկսելու և ժամանակացույցը հաստատելու մասին վերջնական որոշում չեն կայացրել:
Գործակալության տվյալներով, ավիաընկերությունները կշարունակեն չարտերային չվերթներ իրականացնել դեպի Վրաստան:
Ավելի վաղ, Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել էր, որ կանոնավոր ավիահաղորդակցության վերսկսումը կարող է հետաձգվել մինչև հուլիսի վերջ:
Նախարարը հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները սպասում են երրորդ երկրների համար սահմաններ բացելու վերաբերյալ ԵՄ որոշմանը, ինչպես նաև հաշվի են առնում համաճարակաբանական իրավիճակը: «Կարևորը մեր քաղաքացիների առողջությունն է»,- ասել է նա: