Այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ նախագծով մասնագիտացած դատավորներին ընտրելու է Բարձրագույն դատական խորհուրդը. «Քոչարյանին ազատ արձակելուց և Ծառուկյանին չկալանավորելուց հետո կոռուպցիայի մեջ թաթախված ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը արդարադատության ոլորտում առկա թերությունների համար մեղավոր է հռչակել դատախազությանը, քննչական մարմիններին` իր պաշտպանության տակ առնելով հանցավորության մեջ թաթախված դատավորներին»:
Պատգամավորի խոսքով` Վարդազարյանը դատական համակարգի բոլոր համակարգային արատների խտացումն է. «Նա շատ կոնկրետ հովանավոր ուներ, ունի` ի դեմս ԱԱԾ նախկին տնօրենի, ով այս օրերին դավադրական քննարկումների մեջ է: Ոչ մի երաշխիք չկա, որ Վարդազարյանը մաս չի կազմում այդ քննարկումներին»:
«Եվ այս կարևոր գործերի քննության համար նշանակվող դատավորների ընտրությունը վերապահել այս կազմով և այս նախագահով ԲԴԽ-ին, նշանակում է քար գցել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ամբողջ պրոցեսի գլխին»,- հայտարարեց Արման Բաբաջանյանը` հավելելով, որ դատական համակարգը պետք է արմատախիլ անել անցյալի և նաև նորօրյա մնացուկներից:
Մանրամասները՝ տեսանյութում: