Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության մեջ փոփոխությունների օրինագիծը՝ 2020 թվականի ընտրություններում ընտրական համակարգը փոխելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Նորություններ-Վրաստան» գործակալությունը:
Այսօրվա նիստը բոյկոտել է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, որը օրենսդիր մարմնում ներկայացված է վեց հոգանոց մեկ խմբակցությամբ: Քվեարկության համար գրանցվել է 142 պատգամավոր: Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 136 պատգամավոր, հինգ պատգամավոր դեմ է քվեարկել:
Փոփոխությունների նախագծի համաձայն՝ 2020 թվականի ընտրություններին խորհրդարանում 120 պատգամավոր ընտրվելու է համամասնական ընտրակարգով, իսկ 30-ը՝ մեծամասնական: Փոփոխությունները ենթադրում են նաև կուսակցությունների ընտրական շեմի իջեցում՝ 5%-ից մինչև 1%, իսկ բլոկների համար շեմը կկազմի այնքան տոկոս, որքան կուսակցություններ ընդգրկվեն ասոցիացիայում: Համաձայն փոփոխությունների ՝ կուսակցությունը կկարողանա միանձնյա կառավարություն ձևավորել, եթե նա հավաքի ձայների 40% -ը: