
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան, «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության հիմնադիր Նորայր Նորիկյանը։
– Պարո՛ն Նորիկյան, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ 2 մլրդ դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակվեց։ Սա գրավի աննախադեպ չափ էր։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը։
– Այո, սա աննախադեպ է ՀՀ դատական համակարգի պատմության ողջ ընթացքում։ Բայց փաստն այն է, որ այդ գրավն արդեն իսկ վճարված է, և Քոչարյանն ազատության մեջ է։ Ինձ, անկեղծ ասած, շատ քիչ են հետաքրքրում վերջին երկու տարվա ընթացքում նրա խափանման միջոցի վերաբերյալ այս վայրիվերումները։ Եթե չեմ սխալվում՝ երկու տարվա մեջ արդեն երրորդ անգամ է հայտնվում ազատության մեջ, ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե վերջնական դատական ակտով այս պահին առաջադրված մեղադրանքներն ինչպիսի վերջաբան կունենան, արդյոք կհրապարակվի՞ մեղադրական դատավճիռ և արդյոք քրեական պատասխանատվության կենթարկվի՞, թե՞ ոչ։ Մի բան կարող եմ ասել, որ, իմ խորին համոզմամբ, այս պահի դրությամբ Մարտի 1-ի գործն իր բոլոր ճյուղերով կանգնած է տապալման վտանգի առջև, որովհետև եթե վերանանք այս բոլոր զարգացումներից, պետք է արձանագրել, որ 2018-ի հունիսից մեկնարկած՝ Մարտի 1-ի գործով հարուցված քրեական գործերը դոփում են տեղում, որևէ շոշափելի արդյունք չկա, բացահայտված չեն տասը զոհերը, հրաման տվողները, պատվիրատուները։ Իսկ Քոչարյանի մասնակցությամբ դատարանում գտնվող գործի քննությունը դեռևս սաղմնավորման փուլում է, անգամ նախապատրաստական փուլը չի ավարտվել, և ավելին՝ մեղադրողները չեն կարողացել հրապարակել մեղադրական եզրակացությունը։ Սա նշանակում է, որ այս գործի հետագա ընթացքը լրջորեն կանգնած է վտանգի առաջ, հատկապես դատաիրավական համակարգում տիրող այս տոտալ ճգնաժամի պայմաններում։ Ես խորապես մտահոգված եմ։ Բայց սա միայն դատարանի մեղավորությունը չէ։ Չի կարելի 2 տարի զբաղվել դատարակախոսությամբ, ուղղակի փնթի աշխատանքով, վերջում գալ-զարմանալ՝ վա՜յ, կներեք, մենք ի՞նչ անենք, որ դատարանն ազատ արձակեց։ Բարի լինեիք, ներկայացնեիք ապացույցների այնպիսի բազա, այնպիսի ողջամիտ գործեր, մեղադրանքներ ներկայացնեիք դատարան, որ որևէ մեկի մտքով չանցներ այսպիսի զարգացումների գնալու։ Ավելին, իմ կարծիքով, այս ամենը խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք փնթի, անարդյունավետ, որակապես կաղացող գործերի հետ, և արդյունքն էլ սա է։
– Ի՞նչ եք կարծում, դատարանի որոշումն արդյոք իրավաչա՞փ էր, այսինքն՝ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, արդյոք որևէ վտանգ չի ներկայացնելու։
– Ես չգիտեմ, թե Քոչարյանի գործով հրապարակված դատական ակտով ինչ հիմնավորումներ ու պատճառաբանություններ կան, քանի որ այդ դատական ակտին ծանոթ չեմ, բայց, կներեք, ինձ քիչ է հետաքրքրում, թե Ռոբերտ Քոչարյանն ինչպիսի վարքագիծ կդրսևորի տվյալ դեպքում ազատության մեջ մնալու պայմաններում։ Ինձ առավել շատ հետաքրքրում է, թե այսպիսի փաստ արձանագրելու դեպքում ինչպիսի վարքագիծ կդրսևորեն իրավապահ մարմինները, իշխանությունները։ Բնականաբար, եթե Քոչարյանն ազատության մեջ մնալու պայմաններում դրսևորի հակաօրինական գործունեություն կամ անօրինական ձևով փորձի դատավարության մասնակիցների վրա ազդեցություն ունենալ, դատարանն իրավունք ունի փոխել նրա խափանման միջոցն ու դարձյալ որոշում կայացնել՝ նրան ազատությունից զրկելու։ Բայց այստեղ չենք կարող ենթադրություններով առաջնորդվել, որովհետև դատարանը պետք է փաստ արձանագրի և համապատասխան որոշումը կայացնի։ Նորից եմ կրկնում, այստեղ ինձ համար կարևորն այս քրեական գործով վերջնարդյունքն է։ և կարծում եմ, որ այս գործով դատարանը պետք է ամեն ինչ անի՝ դատաքննության բնականոն գործունեությունը վերականգնելու, դատական նիստերն ինտենսիվորեն շարունակելու համար, որպեսզի գործն առաջ գնա, և հնարավոր լինի հասնել արդարադատության իրականացման եզրափակիչ փուլին։
– Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողը․ սա քաղաքակա՞ն, թե՞ իրավական գործընթաց է։
– Ես բնական եմ համարում, որ Ծառուկյանն ու իր աջակիցները այս գործընթացը պետք է պատկերացնեն բացառապես քաղաքական համատեքստում՝ արձանագրելով, որ, ըստ իրենց, իրականացվում է քաղաքական հաշվեհարդար կամ հետապնդում։ Բնականաբար, նաև հաշվի առնելով Ծառուկյանի կարգավիճակն այն առումով, որ ՀՀ սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում նա հանդիսանում է խորհրդարանի ամենախոշոր ընդդիմադիր խմբակցության ղեկավարը, իշխանության քաղաքական շահերից և միջազգային հանրության մոտ ՀՀ-ի հեղինակության շահերից է բխում, որպեսզի իշխանությունները 100 տոկոսով երաշխավորեն և դրսևորեն այնպիսի վարքագիծ, որ բացառված լինի որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդման նշույլը անգամ։ Ես ծանոթ եմ ԲՀԿ անդամների դիրքորոշումներին․ իրենց չի հաջողվում հանրությանը ներկայացնել այնպիսի անխոցելի քաղաքական դիրքորոշում, որպեսզի համոզեն, թե իրենց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, և որևէ աղերս չկա առերևույթ հանցագործության հետ։ Գոնե վարույթն իրականացնող մարմինն այս փուլում այնպիսի փաստեր է ներկայացրել, որոնք հնարավորություն են տալիս քրեական հետապնդում իրականացնել։ Թե հետագայում ինչ ծավալի ապացույցներ ի հայտ կգան, ցույց կտա ապագան։ Բայց մի բան ակնհայտ է՝ բոլորը պետք է իրենց ականջներին օղ անեն, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ բոլորը հավասար են օրենքի առջև, իսկ եթե դատարանը կհիմնավորի, որ անձը գող է, ավազակ է, պետք է ուղարկվի բանտ, որովհետև հանցագործի տեղը բանտն է, և եթե որևէ մեկը երբևէ հանցանք է կատարել, ուրեմն պետք է իր պատիժը կրի։ Իսկ արդյոք միայն ա՞յս գործով պետք է սահմանափակվել․ ո՛չ, ես կարծում եմ, որ եթե մենք գնում ենք խաղի այնպիսի կանոններ հաստատելու ճանապարհով, որ բոլորը հասավար են օրենքի առաջ, ուրեմն որևէ մեկը չպիտի խուսափի պատասխանատվությունից՝ ՀՀ ընտրական համակարգը պղծելու, մարդկանց արժանապատվությունը 10 հազար դրամով ստորացնելու գնով քաղաքական իշխանություն ձեռք բերելու, քաղաքական կոռուպցիայով զբաղվելու և իշխանությունը զավթելու համար։ Ուստի, եթե այս իշխանությունը սկսել է այսպիսի գործընթաց, ապա պարտավոր է խաղի կանոնները սահմանել բոլորի համար։
– Պարոն Նորիկյան, իսկ ի՞նչ եք կարծում, Ծառուկյանը կկալանավորվի՞, թե՞ նրա դեպքում էլ գրավ կկիրառվի։
– Առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի դեպքում դատարանը կիրառել է գրավ և նրան հնարավորություն է տվել ազատության մեջ լինել, իսկ Ծառուկյանին մեղսագրվող արարքը դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին, որի առավելագույն պատիժը սահմանված է մինչև 5 տարի։ Ուրեմն ի՞նչ է ստացվում, առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվող անձի նկատմամբ կիրառվում է գրավ։ Այս համատեքստում չգիտեմ՝ ի՞նչ որոշում կկայացնի դատարանը, բայց հանրության մոտ հարցեր կառաջանան։