Սույն թվականի հուլիսի 25-ին Վայոց Ձորի և Արարատի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Մասիս քաղաքի դատարանում տեղի ունեցավ Զարուհի Պետրոսյանի սպանության գործով հերթական դատական նիստը: Նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով վկաներ՝ Դավիթ Հակոբյանը՝ Մասիս քաղաքի գյուղատնտեսական քոլեջի փոխտնօրենը և Եղիսաբեթ Հովսեփյանը՝ հարևանուհին:
Պաշտպանական կողմի փաստաբանը միջնորդեց անցկացնել Յանիս Սարկիսովի եղբոր կնոջ հեռախոսի փորձագիտական հետազոտությունը, որից՝ համաձայն պաշտպանական կողմի ենթադրությունների Զարուհի Պետրոսյանը հաղորդագրություններ է ուղարկել՝ իր ինքնասպանության փորձ կատարելու մասին:
Հաշվի առնելով միջնորդված նոր վկաների և անհրաժեշտ փորձագիտական հետազոտություն անցկացնելու փաստը, դատարանը որոշեց նիստը հետաձգել սույն թվականի օգոստոսի 2-ին ժամը 12:00-ին:
Դատին ինչպես միշտ ներկա էր նաև «ընդդեմ կանանց բռնության» կոալիցիան, որը հետամուտ է լինում Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան դեպքի քննությանը՝ պահանջելով արդար դատավարություն:
«Ընդդեմ կանանց բռնության» կուալիցիայի քարտուղարություն