Պատմության մեջ չկա այս հոդվածով՝ ընտրակաշառքով, մարդ կալանավորել։ Այս մասին այսօր հունիսի 19–ին, դատարանից դուրս գալով լրագրողներին ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Դատարանը դեռ չի որոշել, գնացել է որոշելու, մինչեւ կիրակի օրը։ Այս հոդվածով մինչ այսօր չի եղել, ինչ որ կալանավորելու կամ ձերբակալելու միջնորդություն ներկայացնեն Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին, Երկրորդ ընդդիմադիր քաղաքական ուժին։
Ուզում եմ միայն մի հայտարարություն անել, եթե երկրի այս վիճակը՝ համաճարակի տարածումը, այս աղքատությունը, տնտեսական անկումը, ե՞ս եմ մեղավոր, պատճառը ե՞ս եմ. ես պատրաստ եմ ինքնակամ գնալ այդ պատիժը կրելու, բայց էլի եմ ասում՝ ինձ համար շատ զարմանալի է այս ամենը։ Պատմության մեջ չկա այս հոդվածով՝ ընտրակաշառքով, մարդ կալանավորել»,– ասաց նա։
Լրագրողի հարցին, երբ գործադիրի մաս էիք կազմում այն ժամանակ էլ ձեզ հետ առնչվող մարդկանց հետ կապված քրեական գործեր կային, ինչո՞ւ այդ ժամանակ չէիք ասում, որ դա քաղաքական հետապնդում է, Ծառուկյանը պատասխանեց. «Ես կասկածում էի, բայց իրավունք չունեի դա արտահայտելու, միշտ մտածել եմ, որ քննությունը կատարվի, բայց այսօր ես ինչ ասացի, իմ ասածներին տեր եմ»։