Ավարտվեց Չինաստանի Նինգբո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 8-րդ տուրի Հայաստան-Ադրբեջան հանդիպումը: Վերջին պարտիայում 3-րդ խաղատախտակի վրա սպիտակ ֆիգուրներով հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը պարտության մատնեց Ռաուֆ Մամեդովին և Հայաստանի հավաքականին փրկեց պարտությունից: Հայաստան-Ադրբեջան՝ 2:2:
Հիշեցնենք, որ մինչ այդ Լևոն Արոնյան-Թեյմուր Ռաջաբով և Վուգար Հաշիմով-Սերգեյ Մովսիսյան պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտվել էր Շահրիյար Մամեդյարովին:
Այսպիսով, նախավերջին՝ 8-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակած թիմային՝ 13, ընդհանուր 20.5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Երկրորդ և երրորդ տեղերում ընթացող Չինաստանի և Ուկրաինայի հավաքականները հաղթանակներ տարան համապատասխանաբար Հնդկաստանի (3:1) և ԱՄՆ-ի (2.5:1.5) նկատմամբ: Ռուսաստանի ընտրանին 4:0 հաշվով ջախջախեց Իսրայելին: Հունգարիան 3:1 հաշվով պարտության մատնեց Եգիպտոսին:
Նշենք, որ վերջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Ուկրաինայի հետ և անգամ ոչ-ոքի արդյունքի դեպքում կհռչակվի աշխարհի չեմպիոն:
8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1.Հայաստան 13 (թ. մ.) 20.5 (ը. մ.)
2.Չինաստան 11 (թ. մ.) 20 (ը. մ.)
3.Ուկրաինա 11 (թ. մ.) 17.5 (ը. մ.)
4.Ռուսաստան 10 (թ. մ.) 19.5 (ը. մ.)
5.Հունգարիա 10 (թ. մ.) 18 (ը. մ.)
6.ԱՄՆ 8 (թ. մ.) 16 (ը. մ.)
7.Ադրբեջան 7 (թ. մ.) 16.5 (ը. մ.)
8.Հնդկաստան 5 (թ. մ.) 13 (ը. մ.)
9.Իսրայել 5 (թ. մ.) 11.5 (ը. մ.)
10.Եգիպտոս 0 (թ. մ.) 7.5 (ը. մ.)