
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
– Պարոն Մարգարյան, Ռուսաստանի հետ գազի սակագնի շուրջ խնդիրը, Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի: Հայաստանը պարբերաբար կանգնում է այս պրոբլեմի առաջ, բայց, կարծես, բավարար ջանք չի գործադրվում, ի վերջո, այս հարցը մեկընդմիշտ լուծելու ուղղությամբ:
– Ընդհանրապես շատ ճիշտ կլիներ, որ, երբ 2015-ին Հայաստանն անդամակցում էր ԵԱՏՄ-ին՝ հենց այդ պահին սեղանին դրվեր նաև 2013-ին կնքված հայ-ռուսական գազային պայմանագրի լուծարման, դրա առոչինչ ճանաչման հարցը և սկսեր նոր կետից, սակայն դա չարվեց: Գազային այդ պայմանագիրն իր հիմքով խտրական, տիրոջ և վասալի միջև փոխհարաբերությունների մակարդակի պայմանագիր է, որը որևէ կերպ չի բխում մեր երկրի շահերից: Ընդամենը 155 միլիոն դոլար կասկածելի պարտքի դիմաց մեր վերջին 20 տոկոս բաժնեմասը զիջեցին Ռուսաստանին, և էներգետիկ ինքնուրույն քաղաքականություն վարելու հարցում կապկպվեցին Հայաստանի ձեռքերն ու ոտքերը: Եվ խելքից ու տրամաբանությունից դուրս այն բոնուսները, որոնք տրվել են «Գազպրոմ» ընկերությանը, այն պարտավորությունը, որ Հայաստանն իր կարիքների համար գազ պետք է ձեռք բերի միայն ու միայն Ռուսաստանից՝ ուղղակի խայտառակություն է: Այսօրվա դրությամբ սա է ցավալի իրողությունը, որի մասին բազմիցս ասվել է, քննադատվել է, սակայն ինչպես ասում են՝ ասողին լսող է պետք:
– Իսկ գործող կառավարությունն այսօր արդյոք հնարավորություն չունի՞ բարձրացնելու 2013-ին կնքված այդ պայմանագրի չեղարկման հարցն ու նոր իրավահարաբերություններ հաստատի «Գազպրոմ» ընկերության հետ:
– Այս կառավարությանն որևէ բան չի խանգարում, որևէ բան չի կաշկանդում դա անել, որովհետև այս կառավարությունը բացարձակ լեգիտիմություն ունեցող իշխանություն է: Այսպիսի հարցերը, որոնք նաև միջպետական մակարդակով լուրջ հակասությունների տեղիք տվող հարցեր են՝ կարելի է անգամ, ի վերջո, հանրաքվեի ճանապարհով լուծել: Դա որևէ դժվարություն իրենից չի ներկայացնում:
– Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օրերս ԱԺ-ում անդրադարձավ գազի գնի հարցով ԵԱՏՄ շրջանակներում վարվող բանակցություններին։ Նա մասնավորապես հայտարարեց. «Ես հիմա էլ համոզված եմ, որ գազի գնի շուրջ ամենաճիշտ պայմանավորվածությունը դա ԵԱՏՄ հարթակն է, ինչո՞ւ, որովհետև երկկողմ պայմանավորվածության շրջանակներում ամեն տարի սահմանին գազի գին քննարկելը բավական բարդ խնդիր է»:
Իսկ 2013-ի այս պայմանագրի վերանայման շուրջ լրագրողների հարցին փոխվարչապետը պատասխանեց. «Իսկ ով է ասել, որ որևէ մեկը չի զբաղվում պայմանագրերի խնդիրներով: Երբ ես խոսում եմ հարթակների և լուծումների մասին, դուք պետք է նաև զգաք, թե իրավական ուժ ունենալու ինչ որոշակիություն կարող է լինել, այսինքն՝ ինչ մակարդակի պայմանավորվածություններ և ինչ փաստաթուղթ պետք է լինի»:
Պարոն Մարգարյան, ըստ Ձեզ՝ փոխվարչապետի այս հայտարարությունը նշանակո՞ւմ է արդյոք, որ Հայաստանի ինքնիշխանության հաշվին կնքված այս պայմանագիրը վերանայելու հարցը պաշտոնական Երևանի օրակարգում է, և դրա լուծման բանալին էլ ԵԱՏՄ ձևաչափն է:
– Այս հարցի հասցեատերը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կամ հենց վարչապետ Փաշինյանն է: Չնայած վարչապետն իր գործողություններով, կարծես, արդեն խոսել է դրա մասին՝ ԵԱՏՄ երկրների ղեկավարների վերջին տեսակոնֆերանսի ժամանակ բարձրացնելով ընդհանուր գազային շուկա ձևավորելու և միասնական սակագնային քաղաքականություն վարելու հիմնախնդիրը: Կարծում եմ՝ Մոսկվայում նույնպես հասկանում են սրա անհրաժեշտությունը, որովհետև, ի վերջո, գնալ հորիզոնական ինտեգրացիոն կազմավորում ձևավորելու ճանապարհով և երկար ժամանակով գազը պահել ուղղակի որպես ճնշալծակ՝ հնարավոր չէ, որովհետև ճիշտ է՝ դա բնական մենաշնորհ է, բայց չէ՞ որ կան նաև էներգետիկ այլընտրանքներ: Օրինակ՝ Ղրղզստանը գազ գնում է նաև Ռուսաստանից, բայց Ղրղզստանն ունի նաև իր հարևաններից գազ գնելու հնարավորություն: Նույնը, ի միջի այլոց, վերաբերում է նաև Բելառուսին: Այսօր աշխարհում ոչ միայն խողովակով գազ գնելու տարբերակը կա, այլ շատ ինտենսիվ զարգանում է նաև սեղմված գազի ներկրման հնարավորությունը, ինչը, ի դեպ, շատ խորամանկորեն կիրառեց Թուրքիան՝ «գցելով» իր, այսպես ասած, ռազմավարական տեսք ստացած գործընկերոջը՝ Ռուսաստանին: Այսինքն՝ նա կտրուկ նվազեցրեց «Հարավային հոսք» ծրագրով Ռուսաստանից գազի ներկրումը և երկու պարտիայով գնեց մի քանի տասնյակ միլիոն տոննայի սեղմված գազ, ինչը, ըստ էության, ճկունություն և մրցակցային առավելություններ տվեց Թուրքիային, ինչպես նաև հնարավորություն տվեց ճնշելու կապույտ վառելիքը վաճառողներին՝ զսպելով նրանց ախորժակը: Այնպես որ, սա այնպիսի խնդիր է, որը, կրկնում եմ, հասկանում են նաև Մոսկվայում, և դրա համար թնջուկի վերածված այն պրոբլեմները, որոնք, թվում է, թե տասնամյակներով անլուծելի են՝ զիջումներ են պարտադրում: Բացի սրանից, կարող եմ նշել նաև Վրաստանին վաճառվող գազի սակագնի զեղչը, ինչն իր հերթին նշանակում է, որ Մոսկվան, թերևս, արդեն հակված է այս նոր իրողությունների, ձևավորվող նոր տնտեսական և քաղաքական աշխարհակարգի պայմաններում գնալ հորիզոնական և արդար լուծումների: Քաղաքական հարցերում առավելություն ստանալու համար գազի ճնշալծակն անընդհատ օգտագործելու ժամանակաշրջանն արդեն անցնում է և պետք է նպաստել այս գործընթացի արագացմանը, որովհետև երկրները միշտ էլ փնտրում և գտնում են այլընտրանքներ, որոնցից մեկը կարող է լինել, ինչպես արդեն ասացի՝ սեղմված էժան գազը կամ արևային էներգիան և այլն: Ոմանց կարող է թվալ, թե ֆանտաստիկ բան եմ ասում, բայց սա «երբեք մի՛ ասա երբեք» տարբերակն է:
– Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նաև նշեց, որ սահմանին գազի գնի վրա մեծ ազդեցություն ունի մատակարարման ու տարանցման սակագինը, և եթե այդ խնդրի շուրջ ԵԱՏՄ շրջանակներում հնարավոր լինի գալ միասնական ստանդարտի, ապա երկկողմ հարաբերություններում կքննարկվեն նվազագույն հարցեր, մինչդեռ հիմա պայմանավորվածությունները բոլոր բաղադրիչների շուրջ են:
Պարոն Մարգարյան, ի՞նչ եք կարծում՝ միասնական սակագին սահմանելու առումով շանսեր ունե՞նք:
– Շանսեր միշտ էլ կան, սակայն իրավիճակի նրբությունը հենց այն է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանն ունի ոչ միայն էներգետիկ, այլ նաև տնտեսական, ռազմաքաղաքական, անվտանգության բաղադրիչներ, սրան էլ գումարած նաև ՌԴ-ում ապրող և աշխատող մեր հայրենակիցների գործոնը, այսինքն՝ այս հարցը պետք է համալիր դիտարկել: Բայց կարծում եմ, որ վերջին շրջանում Վրաստան-Ռուսաստան էներգետիկ ոլորտում հարաբերությունների բարելավումը հույս է ներշնչում, որ դա կարող է դրական ազդեցություն ունենալ նաև երրորդ երկրների, այդ թվում նաև Հայաստանի վրա, պարզապես այստեղ խնդիրն այն է, որ էներգետիկ ոլորտում մենք ներքին լուրջ հարցեր ունենք, որոնցից են, օրինակ, ի՞նչ վիճակում է գտնվում մեր համակարգը, ներդրումների ինչպիսի՞ պահանջներ կան այստեղ, ինչպիսի՞ն է սպառման կառուցվածքը, ինչպիսի՞ն է արտադրության կառուցվածքը, ի՞նչ է լինելու ատոմակայանի ճակատագիրը, որովհետև դրա ժամկետն էլ է արդեն մոտենում՝ 2021-ին և արդիականացման աշխատանքներ պիտի իրականացվեն և այլն, և այլն: Այսինքն՝ սրանք այնպիսի լուրջ հարցեր են, որոնք պետք է համալիր ձևով քննարկել և վերլուծել, հասկանալ՝ որտեղ ինչ հնարավորություններ ունենք և նոր, ըստ այդմ, որոշումներ կայացնել: Միակողմանիորեն ընդունված որոշումները, առավել ևս, երբ դրանք քաղաքական բաղադրիչի դոմինանտությամբ են ընդունվել, երկար կյանք ունենալ չեն կարող, և, ըստ երևույթին, սա հասկանում են բոլոր կողմերը: Այս ամենից հետևությունն այն է, որ, ի վերջո, աշխարհը, ինչպես տեսնում ենք, բախվել է մեծ թնջուկի, և փաստորեն այս պանդեմիան աշխարհը տանում է ապագլոբալացման, ուստի այս պայմաններում մշտապես գազի ճնշալծակի քաղաքականություն վարելը Ռուսաստանի համար կարող է ունենալ բումերանգի էֆեկտ և ավելի ցավոտ հետհարված տալ: