«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հունիսի 14-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերի ընթացքից: Բանն այն է, որ այդ օրը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակիցները, կուսակիցները հավաքվել էին Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց, անգամ փակել էին Նալբանդյան և Խանջյան փողոցները: Բայց քանի որ Հայաստանում արտակարգ դրության ժամանակ արգելվում են հավաքները, ուստի մի խումբ անձանց նկատմամբ կանոններին չենթարկվելու, երթևեկությունը խաթարելու առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ու թեև այդ օրը ԲՀԿ խմբակցության պատգամավորները ևս նստել էին գետնին, խոչընդոտում էին երթևեկությանը, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ որոշում չկա, որ պատգամավորները ևս կներգրավվեն այս գործում` որպես մեղադրյալների:
Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գործով կարող է անցնել Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ, «Առինջ մոլ»-ի փոխտնօրեն Արմեն Ներսիսյանը, որը դեռ Գագիկ Ծառուկյանի առանձնատան դիմաց իրենց միանալու կոչեր էր անում: Նրա ակտիվությունը գրավել է իրավապահների ուշադրությունը:
Ամեն դեպքում, այս մասով հստակեցումներ կլինեն միայն այսօր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: