«Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն» հայտարարություն է տարածել Ֆիրդուսի թաղամասի վերաբերյալ և իշխանություններից պահանջում է թափանցիկություն և հանրային մասնակցություն:
«Առաջին լրատվական»-ի հետ տեսակապով զրույցում հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը, մանրամասնելով տեղի ունեցածը, նշեց. «2018թ. նախկին կառավարությունն ընդունել է հանրային գերակա շահի մասին հերթական որոշումը, որով Ֆիրդուսի թաղամասը պետք է քանդվեր և այնտեղ նոր բնակելի շենքեր կառուցվեին:
Մի քանի օր առաջ սկսել են քանդել: Եվ քանդել են 19-րդ դարի հոյակապ ֆասադ ունեցող շենք, որից շատ քիչ է մնացել Երևանում, և արդարանում են նրանով, թե այդ շենքը պատմական հուշարձանների շարքում չէր գտնվում: Մինչդեռ երբ նոր կառավարությունը գալիս էր իշխանության, բազմիցս ասել է, որ այդ բոլոր սկզբունքները պետք է վերանայեն: Հրապարակվեց ԿԳՄՍ հայտարարությունն այն մասին, որ պատրաստվում են հանրության հետ քննարկումներով անդրադառնալ այդ հարցերին, բայց մեր փորձից գիտենք, որ շատ դժվարին իրադրություն է, և պետք է ինչ-որ կերպ լրջորեն ստիպենք կառավարությանը և կառավարության տարբեր օղակներին, որ այս իրադրությունը մեկընդմիշտ որակապես փոխվի: Հարցը և՛ Ֆիրդուսի թաղամասն է ու նրա հետ կապված հետագա զարգացումը, և՛ ընդհանրապես Երևանի քաղաքային պլանավորման մոտեցումները:
Տեսնում ենք բազում դեպքեր, մանավանդ այս պսակաժահրի ժամանակաշրջանում, երբ օտգվելով նրանից, որ հիմնականում տնակալման պայմաններում ենք և քաղաքացիական հասարակության ձայնը այդքան հնչեղ չէ, ինչքան սովորաբար լինում է, իսկ շինարարությունն ամբողջ թափով թույլ է տրված և փող է պետք, մի շարք ծրագրեր սկսում են իրագործվել… Քաղաքային պլանավորման տեսակետից դրանք շատ խնդրահարույց են»:
Մանրամասն՝ տեսանյութում: