Հարվարդի բժշկական դպրոցի, Բոստոնի հանրային առողջապահության համալսարանի եւ Բոստոնի մանկական հիվանդանոցի մասնագետները ենթադրում են, որ կորոնավիրուսային վարակը Չինաստանում սկսել է տարածվել 2019 թվականի օգոստոսից: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Գիտնականներն ուսումնասիրել են Ուհանի բժշկական հաստատությունների ավտոկայանատեղիների արբանյակային լուսանկարները 2018 թվականի հունվարի 9-ից 2020 թվականի ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաեւ համացանցի որոնողական համակարգերը:
Աշխատանքի ընթացքում մասնագետները հայտնաբերել են, որ հիվանդանոցային կայանատեղիներում փոխադրամիջոցների քանակն ավելացել է 2019 թվականի օգոստոսից սկսած: Ավտոմեքենաների ամենաշատ քանակը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերին:
Բացի դրանից, հետազոտությունները ցույց են տվել, որ Baidu որոնողական համակարգում օգտատերերը հսկայական քանակությամբ փնտրել են «հազ» եւ «փորլուծություն» բառերը 2019 թվականի վերջին բռնկված համավարակից 3 շաբաթ առաջ:









































