Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերը կարող են ներգրավված լինել ԱՄՆ-ում անկարգությունների կազմակերպման գործընթացում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Էրդողանն իր զրուցակցի հետ կիսվել է մտավախություններով, որ ԱՄՆ – ում տեղի ունեցած բռնությունների և կողոպուտների հետևում կանգնած տարրերը կապ ունեն Սիրիայի հյուսիսում գործող ՔԱԿ/ YPG ահաբեկչական կազմակերպության հետ», – հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Մինեապոլիսի ոստիկանները բռնել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։ Ձերբակալելու պահին ոստիկանը տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմել է նրա վզին։ Անտեսելով տղամարդու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է: Այս ամենից հետո ԱՄՆ-ում բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին։