Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ Հայաստանի կառավարությունը տնտեսական հետևանքները մեղմելու համար մի շարք ծրագրեր է իրականացնում՝ աջակցության փաթեթների տեսքով։
Համավարակով պայմանավորված՝ ինչպիսի՞ խնդիրների հետ եք բախվել․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Բիո-Քիմ» ընկերության տնօրեն Աշոտ Ավետիսյանը պատասխանեց․ «Համավարակը, ինչպես բոլորի համար, այնպես էլ մեզ համար շատ անսպասելի էր։ Ճիշտն ասած՝ մենք դեռ պետական աջակցություն չենք ստացել և առանձնապես չենք էլ սպասում, որովհետև տարիների փորձը ցույց է տալիս, որ շատ պետք է չարչարվես, որպեսզի ստանաս աջակցություն։ Մենք այս ամենից ոչ թե ուզում ենք շահել, այլ կորուստներ չունենալ։ Այդ ուղղությամբ մենք դեռ աշխատանքներ տանում ենք՝ կազմում և ներկայացնում ենք ծրագրեր և հույս ունենք, որ աջակցություն դեռ կստանանք»։
Համավարակից ՏՏ ոլորտը, կարծես թե, շահեկան է դուրս գալիս, բայց, այնուամենայնիվ, ի՞նչ խնդիրներ կան այդ ոլորտում․ «Առաջին լրատվական»-ի հարցին ՏՏ ոլորտի մասնագետ, «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր-նախագահ Սուրեն Ալոյանն ասաց․ «Շահեկան ասելն իրականում դժվար է, և դա էդպես չի, որովհետև համավարակը բոլորի դռներն է թակում։ Քանի որ այն վերաբերում է մարդու առողջությանը, ապա այստեղից շահեկան դուրս գալն անհնարին է լինելու։ Սակայն, քանի որ զուտ բիզնեսն իրական կյանքից այս պայմաններում տեղափոխվում է դեպի տեխնոլոգիական աշխարհ, այդ առումով կարելի է ասել, որ շահեկան է։ Մենք ներկայացնում ենք կրթական ոլորտը, որը, կարելի է ասել՝ առողջապահության ոլորտից ոչ պակաս երկրորդ կարևորագույն ոլորտն է։ Այս տեսանկյունից, մենք այս ընթացքում կարողացանք վիրտուալ կյանքում ապահովել դասապրոցեսի շարունակականությունը։ Իմ խորին համոզմամբ՝ այս ընթացքում ամենամեծ խնդիրներից մեկն եղել է ինֆորմացիայի ոչ ճիշտ խողովակների միջոցով ու ոչ լիարժեք ձևով հասարակությանը հասցնելը։ Այսինքն՝ եթե կային փաթեթներ, որոնք աջակցում էին, ապա դրանց իրազեկումը ճիշտ չի եղել»։
Մանրամասները՝ տեսանյութում։