Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը վերընտրվել է ռուսական նավթագազային «Ռոսնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ: Երկուշաբթի՝ հունիսի 8-ին, «Ռոսնեֆտի» կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ Շրյոդերը վերընտրվել է բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի 5-ին:
Գերհարդ Շրյոդերը ղեկավարում է «Ռոսնեֆտի» տնօրենների խորհուրդը 2017 թվականից: Խորհրդում վերընտրվել է նաև «Գազպրոմի Nord Stream 2» դուստր ձեռնարկության ղեկավար Մաթիաս Վառնիգը:
Շրյոդերը համարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր ընկերը: Գերմանիայում 76-ամյա նախկին կանցլերը քննադատվում է Կրեմլի վերահսկողության տակ գտնվող «Ռոսնեֆտ»-ի և «Գազպրոմ»-ի հետ համագործակցելու համար: Շրյոդերը, սակայն, ասում է, որ դա իր սեփական գործն է: