«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ մյուսների թեստի պատասխանը բացասական է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել և թեստավորվել են նաև «Կոշ» ՔԿՀ-ում պահվող բոլոր անձինք․ բոլորի պատասխանը բացասական է։

Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող դատապարտյալներից մեկից նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) առկայության կասկածանքով 04.06.2020 թվականին վերցվել է փորձանմուշ: Ստացված փորձաքննության դրական պատասխանի հանգամանքով պայմանավորված՝ դատապարտյալը տեղափոխվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։

Տեղափոխման ընթացքում, թե´ դատապարտյալը, թե´ ուղեկցող անձնակազմը ապահովված են եղել անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակ, ձեռնոց, ինչպես նաև հատուկ արտահագուստով: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը տեղաբաշխվել է հատուկ առանձնացված կացարանում (հատուկ կահավորված և տեխնիկապես հագեցած կացարան):

Դեռևս ապրիլից, կանխարգելիչ համալիր միջացառումների շրջանակում, հնարավոր հիվանդների մեկուսացման նպատակով Արդարադատության նախարարությունը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի երկու մասնաշենքերի շքամուտքում հրատապ կարգով կառուցել էր վարակազերծման և ախտահանման համար նախատեսված նախասրահ:

Բացի այդ, «Դատապարտյալների հիվանդանոց»-ի տուբերկուլոզային և նարկոլոգիական մասնաշենքերն ամբողջության դատարկվել էին, որպեսզի հարկ եղած դեպքում օգտագործվեին բացառապես որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման կարանտինային գոտի: Առանձնացված 2 մասնաշենքերը միասին ունեն մինչև 150 մահճակալային ֆոնդ: