«Գազպրոմ Արմենիան», Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու մասնագիտական հանրությունը քննարկում են սպառողներին մատակարարվող գազի սակագնի վերանայման հարցը։ «Գազպրոմ Արմենիա»-ն պնդում է, որ գազը թանկացնելու ժամանակն է։ Այս թեմայի շուրջ օնլայն տեսակապով «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հետ։
Այս հարցով հանձնաժողովում շուրջ երեք ժամ ձգված քննարկմանը ներկա էր նաև «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչ Հրանտ Թադևոսյանը, ով իր խոսքը սկսեց սպառնալիքներից: Եթե գազը մեկ կամ երկու օր ընդհատվի, վստահեցնում եմ ձեզ, որ կունենանք շատ մեծ պրոբլեմներ: Ըստ նրա՝ ընկերությունը պատրաստվում է ներդրումներ կատարել, գազամատակարարման համակարգը թարմացնել՝ առանց որի ապագայում կարող են խնդիրներ առաջանալ գազամատակարարումների հետ կապված։ Նրա խոսքով՝ թվերը վկայում են, որ այսպես անհնար է պահել համակարգը: