Twitter սոցիալական ցանցի վարչակազմը հեռացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի տեսանյութը, որը նվիրված էր ոստիկանության գործողությունների արդյունքում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանը։ Այս մասին հաղորդվել է նախագահի նախընտրական շտաբի միկրոբլոգում:
Պետության ղեկավարի շտաբում նման քայլը Twitter-ի և դրա գործադիր տնօրեն Ջեք Դորսիի կողմից գրաքննութուն են համարել։
«Twitter-ը և Ջեքը գրաքննության են ենթարկել նախագահի՝ միասնության կոչ անող այս վեհ ուղերձը»,- նշված է հրապարակման մեջ։
Բացի այդ, նախընտրական շտաբը նաև հրապարակել է Youtube-ում տեսանյութի հղումը։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Մինեապոլիսի ոստիկանները ձերբակալել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։ Ձերբակալելու պահին ոստիկանը տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմել է նրա վզին։ Անտեսելով տղամարդու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է: