Apple-ը հետևում և արգելափակում է ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ժամանակ ընկերության խանութներից գողացված սմարթֆոնները, հաղորդում է CNN-ը:
Ըստ հեռուստաալիքի, Apple-ի հաղորդագրությունների սքրինշոթերը, որոնք գալիս են գողացված հեռախոսներին, այս շաբաթվա սկզբին սկսել են հայտնվել սոցցանցերում և տարբեր կայքերում: Դրանցում ընկերությունը օգտատերերին տեղեկացնում է, որ հեռախոսն արգելափակված է և վերահսկվում է, և խնդրում են այն վերադարձնել խանութ, որի հասցեն նույնպես նշվում է հաղորդագրությունում:
«Սարքը անջատված է և վերահսկվում է: Տեղական իշխանությունները կտեղեկացվեն այդ մասին»,- նման ծանուցման օրինակ է մեջբերում հեռուստաալիքը:
Ընկերությունը հրաժարվել է այս թեմայի շուրջ որևէ մեկնաբանություն տալ հեռուստաալիքին: