Լուրեր
Երբ տեսնում եմ ընդհատակյա Վերջին զանգ՝ տնօրենի մասնակցությամբ, ինքս ինձ հարց եմ տալիս․ Փաշինյան
  • 19:36
  • 2020-06-04
  • Դիտումներ՝ *

Հանրային վերահսկողության հարթակի բերած տեղեկատվությունը մեզ պատկերացում է տալիս, թե ինչու է տեղի ունենում այս ամենը։ Պատասխանը պարզ և միանշանակ է. հակահամաճարակային կանոնների համատարած և զանգվածային պահպանումը։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը, սակայն, մտահոգություն հայտնեց, որ դա ատելության խոսքի, քննադատության խոսքի առիթ է դառնում այն քաղաքացիների նկատմամբ, ում հակամաճարակային կանոնները չպահպանելու վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվում. «Ուզում եմ միանգամից ասել, որ սա անընդունելի է։ Չի կարելի նման վերաբերմունք արտահայտել մեր հայրենակիցների նկատմամբ, որովհետև այս պատմությունը մեր բոլորիս մասին է։ Ցավոք ես ինքս էլ վարակվել եմ կորոնավիրուսով և նշանակում է ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան այնպես չեմ արել, ինչպես պետք էր։ Այս հանրային վերահսկողության հարթակը ոչ թե մարդկանց դատապարտելու, մեղադրելու համար է, այլ մեր պրոբլեմը հասկանալու։

Ինքս այդ տրամաբանությամբ եմ նայում՝ հասկանալով, որ մեզնից շատերը, ինքս էլ հնարավոր է եղել եմ նմանատիպ իրավիճակներում։ Բայց այնուամենայնիվ, երբ տեսնում եմ ընդհատակյա վերջին զանգ կազմակերպած դպրոցի տնօրենի, ինքս ինձ հարց եմ տալիս, իսկ որտե՞ղ է սխալվել կառավարությունը։ Շատերն են ասում, որ այ օրինակ, եթե նախորդ իշխանության ժամանակ նշանակված տնօրեններն ազատված լինեին, այսպես չէր լինի, բայց ես ուզում եմ ասել, որ սա բավականին կասկածելի ճանապարհ է, որովհետև այս տրամաբանությամբ կարող ենք հասնել նախորդ իշխանության ժամանակ նշանակված վարորդներին, նախորդ իշխանության ժամանակ իրենց գործունեությունը սկսած վաճառողներին և ի վերջո նախորդ իշխանության ժամանակ ապրած մարդկանց՝ մեզ բոլորիս»,-ասա վարչապետը՝ ընդգծելով, որ այս բոլոր հարցերը լուրջ մտածելու տեղիք են տալիս։

  • Դիտումներ՝ *