Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 697-ով՝ հասնելով 11 հազար 221-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, ընդհանուր՝ 176 մահ. այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 14-ով և հասել 3 հազար 468-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Բուժառուները եղել են 44, 79, 80, 80, 90, 66 տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Այսպիսով՝ կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 509 մարդ: Ծանր վիճակում է 391 մարդ, իսկ ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի օդափոխության սարքեր են միացված 15 հոգու: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊԲՀ Հանրային առողջության ու առողջապահության ամբիոնի ասպիրանտ Սուսաննա Երանոսյանի հետ:
Անդրադառնալով դիտարկմանը, որ հանրության մի ստվար զանգված համավարակի վտանգավորությանը ըստ արժանվույն չի վերաբերվում, կան խմբեր, որ պնդում են, որ առհասարակ նման համավարակ գոյություն չունի, և այս ամենը բեմականացված գործընթաց է, Սուսաննա Երանոսյանն ընդգծեց. «Շատ կարևոր է մեր ազգային մենթալիտետը, մենք ամեն ինչին նայում ենք մատների արանքով, և դա է մեզ այս վիճակին հարցնել: Լրջանալու ժամանակն է, պետք է ավելի զգոն լինել, պիկը դեռ առջևում է, մահերի թիվը կարող է ավելանալ…»:
Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ Հայաստանը կգտնի ներուժ հաղթահարելու համավարակը:
Մանրամասն՝ տեսանյութում: