Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը հայտարարել է ԱՄՆ մայրաքաղաքում պարետային ժամը ևս մեկ օրով երկարաձգելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պարետային ժամ է սահմանվել հունիսի 3-ից՝ տեղական ժամանակով 23:00-ից մինչև հունիսի 4-ը՝ 6:00-ն:
«Հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից անհրաժեշտություն էր, որ մենք այսօր փոփոխություններ կատարենք պարետային ժամի ռեժիմում»,- ասել է Բոուզերը:
Քաղաքապետը հավելել է, որ պարետային ժամը կրկին երկարաձգելու վերաբերյալ որոշում կկայացվի ավելի ուշ՝ կախված իրավիճակից:
Վաշինգտոնում պարետային ժամ էր մտցվել անկարգությունների ֆոնին:
Մայիսի 25-ին իրավապահների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալության ժամանակ ոստիկանը ծնկով սեղմել է տղամարդու պարանոցը: Ֆլոյդը բղավել է, որ խեղդվում է, բայց ոստիկանները ուշադրություն չեն դարձրել: Արդյունքում տղամարդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Սա Միացյալ Նահանգներում և այլ երկրներում համատարած բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառ է դարձել: