Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ 2020թ. հունվարի 25-ին Ստամբուլում 90 տարեկան հասակում մահկանացուն կնքած Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանի անունով բռնցքամարտի մրցաշար կանվանակոչվի։
Փայլանն ասել է, որ Զաքարյանի մահից հետո ինքն այս թեմայով գրավոր հարցադիմում է հղել Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեթ Մուհարրեմ Քասափօղլուին՝ հետաքրքրվելով, թե արդյոք պատրաստվում է մի այնպիսի նախագիծ, որը կհանրահռչակի Զաքարյանի ներդրումը թուրքական սպորտում ու կապրեցնի նրա անունը։ Փայլանը հուշել էր նաև, որ Զաքարյանի անունով կարելի է կոչել որևէ մարզահամալիր։
Քասափօղլուն պատասխանել է Փայլանի հարցադիմումին՝ տեղեկացնելով, որ արդեն հստակեցվել է Զաքարյանի անունով մրցաշարի անվանակոչության հարցը, ինչպես նաև քննարկման փուլում է գտնվում որևէ սպորտային համալիր նրա նանունով կոչելու հարցը։