Սպիտակ տունը չի վիճում այն փաստի դեմ, որ ԱՄՆ-ում ռասիզմը դեռ վերացված չէ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը վկայակոչելով Միացյալ Նահանգների նախագահի ավագ խորհրդական Քելիեն Քոնուեյին:
«Գոյություն ունի ինստիտուցիոնալ ռասիզմ, հավասարության բացակայություն այս երկրի բոլոր մարդկանց համար: Սրանում, ինձ թվում է, կասկած չկա»,- ասել է նա, նշելով, որ երկրի ղեկավար Դոնալդ Թրամփն «անդադար աշխատում է» նշված խնդրի վրա:
Նա խստորեն դատապարտել է իրավապահ մարմինների գործողությունները Մինեապոլիսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում՝ կատարվածը անվանելով «Ջորջ Ֆլոյդի սպանություն»:
Այս հայտարարությունը հայտնվել է երկրում անկարգությունների ալիքի ֆոնին, որն առաջացել է ոստիկանության կողմից սևամորթների դեմ ուժի անհամաչափ կիրառման նոր դեպքերի պատճառով: