ԱՄՆ Մինեսոտա նահանգը, Ջորջ Ֆլոյդի սպանության ֆոնին, հետաքննություն կսկսի վերջին 10 տարիների ընթացքում տեղական ոստիկանության գործունեության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է նահանգապետ Թիմ Ուոլցը Twitter-ի իր էջում:
«Նահանգի Մարդու իրավունքների վարչությունը այսօր մեղադրանք է առաջադրել Մինեսոտայի ոստիկանական վարչությանը՝ քաղաքացիական իրավունքի խախտման համար», – գրել է Ուոլցը:
Նա նշել է, որ հետաքննելու են ոստիկանության տեղի դեպարտամենտի վարած քաղաքականությունը, ընթացակարգերը և պրակտիկան։
Ուոլցը նշել է, որ պետական իշխանությունները կանեն հնարավոր ամեն ինչ՝ ոչնչացնելու համար «Մինեսոտայում համակարգային ռասիզմը»:
Հիշեցնենք, որ ամերիկյան մի շարք քաղաքներում տեղի ունեցող բողոքի ցույցերը սկսվել են մայիսի 25-ին սոցցանցերում մի տեսանյութի տարածումից հետո, որտեղ ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացի տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վզին։ Անտեսելով տղամարդու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է: