Այսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց նախագծի հեղինակ` «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը. «Կան ամբողջական գյուղեր, որոնք գրավադրված են և արգելանքի տակ են, որպես երաշխավորներ հանդես եկած մեր գյուղացիները հայտնվում են սև ցուցակում, վատթարացնում իրենց վարկային պատմությունը, և երբ ուզում են վարկ վերցնել իրենց տնտեսությունը զարգացնելու համար, մերժվում են: Դա է պատճառը, որ կառավարության վարկային ծրագրերը հաճախ գյուղերում արդյունավետ չեն լինում, որովհետև մեր գյուղացին վարկունակ չէ երաշխավորության ներկայիս ինստիտուտի պատճառով»:
Նա առաջարկում է, որ միանգամից պահանջ չներկայացվի երաշխավորի նկատմամբ. «Վարկը չմարելու դեպքում պահանջը ներկայացվի նախ հիմնական պարտապանին, վաճառվի գրավի առարկան, միջոցները չբավարարելու դեպքում նոր պահանջ ներկայացնել երաշխավորի նկատմամբ»:
Նրա խոսքով` շատ հաճախ երաշխավորը փաստի առաջ է կանգնում. «Վարկ վերցրած 1 միլիոնը դառնում է մի քանի միլիոն»:
Մանրամասները՝ տեսանյութում: