Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ռուսական դեսպանատունը ռուս-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-րդ հոբելյանի կապակցությամբ ներկայացրել է 1933թ. ԽՍՀՄ Ռազմածովային գործերի ժողկոմ, Պաշտպանության ժողովրդական կոմիսար Կլիմենտ Վորոշիլովի գլխավորած պատվիրակության՝ Թուրքիա կատարած այցի վերաբերյալ այն ժամանակվա մամուլում տեղ գտած հրապարակումները։
Թուրքիայի Հանրապետության առաջին վարչապետ Իսմեթ Ինոնյուն 1932թ. այցելել էր ԽՍՀՄ, ի պատասխան՝ խորհրդային պատվիրակությունը 1933թ. այցելել է Թուրքիա։
Հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 9-ը տեղի ունեցած այցի ընթացքում խորհրդային պատվիրակությունը մասնակցել էր նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 10-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Կլիմենտ Վորոշիլովը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր-նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի և վարչապետ Իսմեթ Ինոնյուի հետ միասին ընդունել է ռազմական շքերթը։ Դա աննախադեպ իրադարձություն է համարվել ԽՍՀՄ-Թուրքիա հարաբերությունների պատմության մեջ։