Իմ կարծիքով՝ մենք պետք է շարունակենք աշխատել, հնարավորինս անել՝ շարունակելու համար բնականոն կյանքը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը՝ անդրադառնալով նորից կարանտին մտցնելու հնարավորությանը:
«Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ ապրում ենք ճգնաժամային իրավիճակում, և ճիշտ բալանսներ գտնենք այս իրավիճակը հաղթահարելու համար»,-ասաց նա:
Հարցին, թե այս ընթացքում կառավարությունը որքանով արդյունավետ գործիքներ կիրառեց համավարակի դեմ պայքարի առումով, պատգամավորը պատասխանեց.
«Կառավարությունը փետրվարի վերջից սկսել է պատրաստվել համավարակի հնարավոր զարգացմանը և քայլերի հաջորդականություն մշակել: Այս վարակի առանձնահատկությունն այն է, որ առայժմ ոչ ոք չի կարողանում գնահատել համավարակի տարածվածությունը, պատճառած վնասները: Խոսքը և տնտեսական, և սոցիալական, և առողջապահական հետևանքների մասին է»: