Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների զգալի մասն արդեն կատարված է: Այս մասին հրավիրված ասուլիսում նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, ներկայացնելով ծառատունկի մանրամասները, նշեց, որ 1 մլն 950 հազար ուռենու կտրոն ՀՀ-ի 7 մարզում արդեն տնկված է: Աշխատանքներում ներգրավված է մոտ 1 000 քաղաքացի:
«Աշխատանքներն իրականացվել են նախապես նշված 6 մարզում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում և Շիրակում, որոշ աշխատանքներ են իրականացվել նաև Կոտայքի բարձրադիր գոտիներում: Ինչո՞ւ են այս տարածքներն ընտրվել: Քանի որ տնկումների սեզոնի ավարտն էր, և այս առումով եղան քննադատություններ, բայց մենք հաշվի էինք առել այս հանգամանքը, դրա համար ընտրել ենք բարձրադիր գոտիները, որտեղ ծառերի վեգետացիա դեռ չէր սկսվել, որպեսզի ունենանք նորմալ արդյունք»,-ասաց նա: