Անչափահասը, հայտնվելով ուղղիչ աշխատանքային գաղութներում, այնտեղից դուրս է գալիս ոչ թե ուղղված, այլ պատրաստի հանցագործ դարձած: Այսօր գաղութը այն դպրոցն է, որով կարելի է մուտք գործել հանցաշխարհ: Այս խնդիրների շուրջ ՀՀ ոստիկանության եւ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանից փորձեցինք ճշտել, թե ինչ աշխատանքեր են տարվում այս խնդրի ուղղությամբ: Ինչպես նաեւ հետաքրքրվեցինք, թե որքանով է ֆիլմերում ներկայացվող գաղութի կյանքը համապատասխանում իրականությանը: «Անչափահասների խնդիրը այն խնդիրն է, որի մասին բոլորս պետք է մտածենք: Գաղութում այսօր ծանր հանցագործություն կատարած երեխաներն են: Դեպքեր ենք ունենում, երբ գողության համար անչափահասին գաղութ չեն տանում: Սակայն այդ ժամանակահատվածում նա շարունակում է իր գողությունների շարքը: Այսինքն, հասարակությունը, ընտանիքը նրան չեն կարողանում ուղղել: Ոստիկանությունը հատուկ առաջակով է դիմել ԿԳ-ին, Սոցապ նախարությանը, որպեսզի վերականգնողական հատուկ հաստատություն ստեղծվի, որտեղ նրանց հետ վերականգնողական աշխատանքեր տարվեն, արհեստ, համակարգչային ծրագրեր սովորեցնեն: Հուսով եմ` առաջիկա երկու տարիների ընթացքում այդ ծրագիրը ուժ կստանա: Ինչքան շուտ, այնքան ավելի լավ»,- նշեց ոստիկանության գնդապետը: Ինչ վերաբերում է գաղութներին, ավելացրեց: «Ես ֆիլմերի այդ մասերը չեմ դիտում, որովհետեւ ոչ պրոֆեսիոնալ պահեր կան: Լավ կլիներ, որ այդ ֆիլմի ռեժիսորները կոնսուլտանտ ունենան ոստիկանական համակարգից: Ստացվում է, որ նրանց դեպի հանցաշխարհ տանելու քարոզչություն է տարվում: Ինչքան քիչ երեխան ոստիկանություն մտնի, այնքան լավ երեխայի համար»,- խորհուրդ տվեց Նելլի Դուրյանը: