ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սպանված սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանները շաբաթ, մայիսի 30-ի երեկոյան, ձերբակալել են Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի դստերը, հաղորդում է New York Post պարբերականը։
Պարբերականի համաձայն՝ 25-ամյա Կյարա դե Բլազիոն ձերբակալվել է Մանհեթենում։ Ինչպես տեղեկացրել է աղբյուրը, նա մյուս ցուցարարների հետ արգելափակել է երթևեկությունը երկու փողոցների խաչմերուկում և ձերբակալվել, երբ ցուցարարները հրաժարվել են կատարել ճանապարհը բացելու ոստիկանության պահանջը:
Աղբյուրը նաև հաղորդել է, որ այդ հատվածում ոստիկանական մեքենաներ են այրել և իրավապահների հետ բախումներ են եղել։
Պարբերականը նշում է, որ ձերբակալության ժամանակ աղջիկը չի ասել, որ քաղաքապետի դուստրն է։