Վրաստանը դրական է արձագանքում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության հնարավոր վերականգնմանը: Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ մտադրություն ունի այդ հարցը Պրահայում քննարկել Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքերով, հանդիպումը նախատեսվում է անցկացնել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին և կախված կլինի համաճարակաբանական իրավիճակից: Կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են առևտրատնտեսական հարաբերությունները, տրանսպորտային և հումանիտար խնդիրները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ՝ ռուսական ավիաընկերություններին 2019 թվականի հուլիսի 8-ից ժամանակավորապես արգելվում է ավիափոխադրումներ կատարել Վրաստան:
Մոսկվան այս քայլին գնաց այն բանից հետո, երբ 2019-ի հունիսի 20-ին մի քանի հազար մարդ Վրաստանի մայրաքաղաքում, խորհրդարանի շենքի մոտ հակառուսական հավաք անցկացրեցին: Պատճառը Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի և ռուսաստանցի այլ պատվիրակների մասնակցությունն էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որը կազմակերպվել էր հյուրընկալողի կողմից՝ վրացական խորհրդարանում։