Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանն ու Ադրբեջանը պայքարում են օդում գերիշխանության հասնելու համար. ապագան ցանցահարթակակենտրոն պատերազմն է

«Կարծում եմ՝ մտահոգվելու որևէ բան իրականում չունենք, քանի որ Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների յուրացումը մեր կողմից և Սու-30ՍՄ-ների հետ կապված մեր հետագա պլանային քայլերը՝ քանակական, որակական, զարգացման, ինտեգրացիայի, սպառազինության, այլ զորատեսակների հետ համագործակցության առումով, միևնույն է, մեզ տալիս են մեծ առավելություն: Իհարկե, հարաբերակցությունը այս պահին դեռ մեծ է իրենց կողմից, բայց Սու-30ՍՄ-ի այսպես ասած «երկար ձեռքի», սպառազինության քանակի և երկար օդում մնալու հնարավորությունները, ինչպես նաև այլ հնարավորություններ, միևնույն է, բացարձակ հաղթելու հնարավորություն են տալիս մեզ: Ընդ որում, ուզենք թե չուզենք, ապագա պատերազմներում լայնորեն կիրառելու ենք ցանցային կառավարումը, լայնորեն կիրառելու ենք տարատեսակ ԱԹՍ-ները և օդային հարձակման այլ միջոցներ: Իսկ այդ ամենը ցանցային կառավարմամբ ունի գլխավոր դերակատար և դա կործանիչն է»:

Իտալական Analisi Difesa («Պաշտպանական վերլուծություն») մասնագիտացված պարբերականի փորձագետը ս. թ. մայիսի 9-ին հրապարակված հոդվածում գրել է, որ Իտալիայից M-346 «Լեոնարդո» ուսումնամարտական ինքնաթիռներ գնելուց հետո Ադրբեջանը հիմա էլ հետաքրքրված է ռուսաստանյան Սու-35 և ՄիԳ-35 բազմաֆունկցիոնալ կործանիչներով:

Հոդվածի հեղինակ Մաուրիցիո Սպարաչինոն, ով ներկայումս զբաղվում է ռուսական ինքնաթիռների և ուղղաթիռների վաճառքով ամբողջ աշխարհում, հաղորդում է, որ նախորդ տարվա հուլիսին, Բաքվի և Մոսկվայի ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մասնագետների պատվիրակությունը այցելել է ռուսաստանյան այն ընկերություններ, որոնք պատասխանատու են Սու-35 և ՄիԳ-35 կործանիչների արտադրության համար:

Նշվում է, թե ռուսական Վեստի լրատվականը, հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը, հայտնել է, որ ադրբեջանցի պատվիրակները Ռոսօբորոնէքսպորտի ներկայացուցիչների և ռազմական գործարանների ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ռուսական արտադրության ամենաառաջադեմ կործանիչներից ձեռք բերելու հարցում:

Իհարկե, այն, որ Ադրբեջանը որոշակի քայլեր պիտի ձեռնարկեր նոր սերնդի կործանիչներ ձեռք բերելու ուղղությամբ, վաղուց էր պարզ: Այս խոսակցությունները մամուլում ակտիվացան հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանը Ռուսաստանից ձեռք բերեց «4+» սերնդի Սու-30ՍՄ գերժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ: Առայժմ ՀՀ Զինված ուժերը համալրվել են 4 մեքենաներով, բայց ՀՀ ՊՆ ղեկավարությունը մտադիր է ունենալ նորագույն կործանիչների առնվազն մեկ էսկադրիլյա (բաղկացած 12 միավորից): Եվ սա վստահաբար կվերացնի Ադրբեջանի մենաշնորհային դիրքերը ռազմաօդային ուժերի ոլորտում՝ փոխելով ուժերի հարաբերակցությունը:

Ռազմական փորձագետները դեռ նախորդ տարի էին ասում, որ ադրբեջանական կողմը փորձելու է ինչ-որ կերպ պատասխանել Հայաստանի այդ ձեռքբերմանը: Եվ հիմա մնում է հասկանալ՝ այդ պատասխանը գործնակա՞ն է լինելու, թե՞ զուտ տեղեկատվական բնույթ է կրելու: Ո՞ր տեսակի կործանիչների (կամ նաև գրոհիչների) վրա է կենտրոնանալու հակառակորդը և ռազմավարական ու մարտավարական ի՞նչ հաշվարկների վրա են հիմնվելու այդ հնարավոր ձեռքբերումները: Հիշենք, որ 2019 թ. դեկտեմբերին ռուսական «Վեդոմոստին», հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Ադրբեջանը հետաքրքրված է ոչ թե նույնիսկ Սու-35-երով, այլ  5-րդ սերնդի Սու-57 կործանիչներով, որոնք առայժմ փորձարկման փուլում են և կատարելագործման կարիք ունեն:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

– Պարոն Հովհաննիսյան, շատ ենք խոսել, գրել այն մասին, որ մեր կողմից Սու-30ՍՄ կործանիչներ գնելուց հետո Ադրբեջանը ամենայն հավանականությամբ կփորձի ինչ-որ կերպ արձագանքել, պատասխան քայլեր ձեռնարկել՝ հայկական կողմից հետ չմնալու համար: Ձեր կարծիքով՝ սրանք զուտ տեղեկատվակա՞ն քայլեր են, թե՞ նրանք իրոք մտադիր են նոր կործանիչներ ձեռք բերել: Եվ ի՞նչ ռազմաքաղաքական նպատակներ են հետապնդելու այդ ձեռքբերումները:

– Նախ, ինչ-որ առումով սպասելի էր, մենք գիտակցում էինք, որ Սու-30-ներից հետո Ադրբեջանը փորձելու է հակադարձել, որովհետև իրականում Սու-30-ների հետ մրցունակ օդուժ իրենք չունեն: Տարիների ընթացքում զգալի գումար ծախսելով մի քանի տասնյակ մարտական ինքնաթիռներ ձեռք բերելու վրա՝ Ադրբեջանը հասկացավ, որ Սու-30-ների՝ տարածաշրջանում ու մասնավորապես՝ Հայաստանում հայտնվելուց հետո ինքը, կոպիտ ասած, դուրս է մնում մրցակցությունից: Ինչ-որ առումով սպասելի էր այս ամենը: Եվ պետք է ուղղակի հասկանալ՝ ի՞նչ կոնցեպցիա կփորձեն զարգացնել:

Մի կողմից շատ հետաքրքիր է ՄիԳ-29-ից հետո անցումը ՄիԳ-35-ին: Ըստ էության, իրենք ՄիԳ-29 յուրացրած պետություն են, իսկ ՄիԳ-35-ը, որը ՄիԳ-29-ի բազայի վրա է, բավականին մարտունակ, նորացված ու մեծ հնարավորություններով կործանիչ է:

Մյուս կողմից իրենք հասկանում են, որ Սու-30-ին գերազանցելու նկրտումները այդքան էլ հեշտ չէ իրականացնել, և իրականում այնպես չէ, որ նույնիսկ Սու-35Ս-ը Սու-30ՍՄ-ի նկատմամբ բացարձակ առավելություն ունի: Իսկ եթե նույնիսկ ինչ-որ մի կետով առավելություն ունի, ապա ինչ-որ մի կետով էլ զիջում է: Օրինակ, Սու-30ՍՄ-ը ավելի բազմաֆունկցիոնալ է, երկու օդաչու է տեղավորում, մեկը զբաղվում է սպառազինության և կառավարման մեծ ֆունկցիաներով, ինչպես նաև ավելի լայն հնարավորություններ ունի աշխատելու օդուժի այլ ակտորների հետ: Եվ այս առումով Սու-30ՍՄ-ի առավելությունները ակնհայտ են:

Ժամանակը ցույց կտա՝ Ադրբեջանը ո՞ր ճանապարհով կգնա, բայց հասկանալի է, որ ականատես ենք լինելու մոտավորապես նույն իրավիճակին, ինչ եղավ, օրինակ, «Իսկանդերների» դեպքում, երբ գնացին ու ատամները կրճտացնելով՝ սկսեցին իրենց պատեպատ տալ: Հիշում եք՝ երկու տարի շարունակ փորձում էին համոզել, թե «Իսկանդերը» իրականում Հայաստանինը չէ, «Իսկանդերը» լավը չէ, «Իսկանդերը» իրենք կխփեն, բայց արդյունքում մինչև չգտան համանմանությունը որևէ տեսքով՝ ի դեմս իսրայելական LORA-ների, «Իսկանդերը» անիծող ու փնովող նյութերը չդադարեցին ադրբեջանական մամուլում: Հիմա, իմ կարծիքով, նույն պատմությունն է կրկնվելու: «Թող շատ լինի, թող բազմատեսակ լինի, թող նույնիսկ անիմաստ լինի, բայց կարևորը՝ որևէ փորձագետ հանկարծ որևէ ամսագրում չգրի, որ հայերը ինչ-որ բանում իրենց գերազանցում են». սա է իրենց սկզբունքը, այս սկզբունքին են իրենք հետևելու:

Ես կարծում եմ՝ մտահոգվելու որևէ բան իրականում չունենք, քանի որ Սու-30ՍՄ-ների յուրացումը մեր կողմից և Սու-30ՍՄ-ների հետ կապված մեր հետագա պլանային քայլերը՝ քանակական, որակական, զարգացման, ինտեգրացիայի, սպառազինության, այլ զորատեսակների հետ համագործակցության առումով, միևնույն է, մեզ տալիս են մեծ առավելություն: Սու-30-ը միայն զենք չէ, սա մի մեծ համալիր է, որը հնարավորություն է տալիս հրետանու, օդուժի, ՀՕՊ-ի, ՌԷՊ-ի հետ ցանցով լայն աշխատանքային ճակատ ունենալու:

Այս ամենը, միևնույն է, մեզ այս պահին դնում է ավելի բարձր մակարդակի վրա, և հետագայում էլ այդ բազմազան կիրառության ձևաչափերը, եղանակները, սպառազինության տեսականին, որ կրելու է Սու-30ՍՄ-ը, հնարավորություն են տալիս մշտապես չեզոքացնելու իրենց՝ անգամ թվարկված նորագույն ինքնաթիռներից որևէ մեկը կամ բոլորի տեսականին ունենալու հնարավորությունը:

– Որքան հիշում եմ՝ Ադրբեջանն ուներ Սու-25 գրոհիչներ, ՄիԳ-29 կործանիչներ… Այսօրվա դրությամբ, երբ մենք առայժմ ունենք 4 միավոր Սու-30ՍՄ կործանիչներ, ուժերի հարաբերակցությունը երկնքում հայկական և ադրբեջանական կողմերի միջև ինչպիսի՞ն է:

– Հարաբերակցությունը, իհարկե, դեռ մեծ է իրենց կողմից, բայց Սու-30ՍՄ-ի այսպես ասած «երկար ձեռքի», սպառազինության քանակի և երկար օդում մնալու հնարավորությունները, ինչպես նաև այլ հնարավորություններ, միևնույն է, բացարձակ հաղթելու հնարավորություն են տալիս մեզ: Եվ իրենց կողմից այնպես չէ, որ ՄիԳ-29-երը տասնապատիկ անգամներ առավելություն ունեն քանակական առումով: Եթե չեմ սխալվում՝ մոտ 20 միավոր ՄիԳ-29-ի մասին է խոսքը, նույնիսկ ավելի պակաս: Տվյալ դեպքում հաշվի առնելով այն, որ 4 միավոր Սու-30ՍՄ-ները, նախ, նշանակետային ուղիներով գերազանցում են ՄիԳ-29-ներին՝ այդ առարկայական, քանակական առավելությունը կորում է: Չեմ ասում՝ 4 Սու-30-ները կհաղթեն բոլորին, մի քիչ բարդ է պրոյեկտելը՝ իրականում ի՞նչ կլինի օդային մարտերում, բայց հասկանալի է, որ մենք չենք պատրաստվում սահմանափակվել այդ 4 մեքենաներով:

– Իհարկե, կործանիչների ձեռքբերման հետ կապված հարցերը շատ ենք քննարկել, Դուք էլ, որպես Պաշտպանության նախարարության խոսնակ, անդրադարձել եք դրանց, բայց օգտվելով առիթից՝ կխնդրեմ ևս մեկ անգամ մի քանի բառով ներկայացնել՝ բազմաֆունկցիոնալ կործանիչները հատկապես ի՞նչ նկատառումներով են ձեռք բերվել, օրինակ՝ անհրաժեշտության դեպքում հակառակորդին կանխարգելիչ հարվածներ հասցնելու, օդում հավասարակշռությունը պահպանելու, օդում գերիշխանության հասնելու կամ այլ նպատակներով:

– Իմ կարծիքով՝ դա արդեն ակնհայտ է, և նույնիսկ հարցին մակերեսորեն տիրապետող մասնագետներին է ակնհայտ, որ բազմաֆունկցիոնալության առումով որևէ այլ զորատեսակի սպառազինություն չի կարող հասնել բազմաֆունկցիոնալ կործանիչներին թե՛ որպես հարձակողական և թե՛ որպես պաշտպանողական միջոցներ, ընդ որում և՛ պասիվ, և՛ ակտիվ պաշպանողական ֆունկցիաների միաժամանակյա կիրառմամբ որևէ այլ միջոց չի կարող մրցել կործանիչների հետ թե՛ որպես թռչող Ս-300, թե՛ որպես թռչող «Իսկանդեր», թե՛ որպես թռչող ՌԷՊ համակարգ: Այդ ամենը միաժամանակ կարող է կիրառվել, ընդ որում, ուզենք թե չուզենք, ապագա պատերազմներում լայնորեն կիրառելու ենք ցանցային կառավարումը, լայնորեն կիրառելու ենք տարատեսակ ԱԹՍ-ները (անօդաչու թռչող սարքեր) և օդային հարձակման այլ միջոցներ: Իսկ այդ ամենը ցանցային կառավարմամբ ունի գլխավոր դերակատար և դա կործանիչն է: Այդ առումով Սու-30-ը իդեալական լուծումներից մեկն է, որովհետև, ինչպես արդեն նշեցի, ունի երկու օդաչու, որոնցից մեկը կարող է օդային հրամանատարական կետի օպերատորի ֆունկցիա կատարել:

– Հիշում եմ, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով կործանիչների ձեռքբերման նպատակահարմարության հարցի շուրջ, ասում էր, որ եթե երկու օդաչու Սու-30ՍՄ կործանիչով կարող են առաջնագծից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա մարտական առաջադրանք կատարել և դա անել հազարավոր զինծառայողների փոխարեն, ապա այս դեպքում Սու-30-ի «թանկարժեքության» մասին խոսք լինել չի կարող։ Տեսականորեն ի՞նչ մարտական գործողության մասին է խոսքը:

– Տեսականորեն օպերատիվ խորության հրթիռային հարվածների մասին է խոսքը: Տեսականորեն, օդում գտնվելով մի քանի ժամ՝ Սու-30-ը միաժամանակ ի վիճակի է հակառակորդի թռչող սարքերը չեզոքացնել, 200-300 կմ խորության վրա կետային հարվածներ հասցնել, օդում կարող է օգնել վերգետնյա Ս-300 համակարգերին թիրախներ վերաբաշխելու և այլն: Ֆունկցիաները շատ են ու տարբեր:

– Բայց դրանք ակտիվ մարտական գործողությունների՞ ընթացքում, թե՞ դիրքային պայքարի պայմաններում:

– Դժվար է ասել: Այսօր ընդհանրապես հիբրիդային պատերազմի կանոններն այնպիսին են, որ կարող են ոչ ինտենսիվ ու լայնածավալ մարտական գործողություններ տեղի ունենալ, բայց կետային, կարճաժամկետ լարումների ժամանակ ևս լինեն տարբեր տեսակի փոխհրաձգություններ, տարբեր տեսակի հարվածներ, փոխադարձ կամ պաշտպանական գործողություններ: Շատ-շատ տարբեր սցենարներ կարելի է մտածել:

– Երբ խոսում ենք տարբեր ռազմական դպրոցների ներկայացուցիչների հետ՝ տարբեր մասնագետներ, զինվորականներ տարբեր կերպ են մեկնաբանում կործանիչ ավիացիայի նշանակությունը կոնկրետ մեր զինված ուժերի համակարգում: Օրինակ, սովետական դպրոցի որոշ ներկայացուցիչներ մեծ նշանակություն չեն տալիս կործանիչներին՝ ասելով, թե Հայաստանի պայմաններում կործանիչ ավիացիան մեծ դերակատարում չի կարող ունենալ: Եվ կան արևմտյան դպրոցին հակված մասնագետներ, ովքեր ասում են, որ ուժեղ օդուժ ունեցող բանակներն են կարողանում գերիշխանության հասնել իրենց հակառակորդների նկատմամբ: Օրինակ՝ իսրայելական բանակը, ամերիկյան բանակը: Գուցե փոքր-ինչ մակերեսային մեկնաբանություն է, բայց ամեն դեպքում ի՞նչ կասեք նշված մոտեցումների մասին:

– Ցավոք սրտի, այո՛, Խորհրդային Միությունը օդուժին երբեք գլխավոր դերակատարի, գլխավոր ջութակի դեր չի տվել, և չնայած իր հզոր բանակին՝ ԽՍՀՄ-ում օդուժի տեսակարար կշիռը աշխարհի առաջատար բանակներում ամենացածր թիվն է ունեցել:

Եթե չեմ սխալվում՝ իմ ուսումնասիրություններից մեկում նշել եմ, որ ամենալավ ժամանակներում անգամ, երբ Խորհրդային Միությունը ունեցել է հարյուրավոր ավիացիոն գնդեր ու դիվիզիաներ, ընդհանուր զինված ուժերի տեսակարար կշռի մեջ, եթե չեմ սխալվում, օդուժի տեսակարար կշիռը 17-18 տոկոսը չի անցել: Եվ դա այն դեպքում, երբ արևմտյան առաջատար բանակներում այդ ցուցանիշը 25 տոկոսից բարձր էր: Այդպիսին էր խորհրդային դպրոցը: Չեմ ուզում՝ ո՛չ քննադատեմ, ո՛չ ասեմ՝ լավ էր, ո՛չ ասեմ՝ վատ էր: Փաստն այն է, որ ժամանակները փոխվել են, և այսօր անգամ ռուսական բանակը, որը Սիրիայում վարում է որոշակի մարտական գործողություններ՝ իհարկե, սահմանափակ խնդիրներով, նույն կոնցեպտուալ փոփոխությունը կիրառեց դեպի արևմտյան մոտեցումներ և ցամաքային սահմանափակ, հատուկ նշանակության կամ որոշակի խնդիրներ լուծող ցամաքային զորատեսակների ստորաբաժանումների հետ մեկտեղ լայնորեն կիրառեց օդային հարձակման միջոցները՝ սկսած դասական թռչող սարքերից, ԱԹՍ-ներից, ինչու չէ, նաև նույն ամերիկյան կոնցեպցիայով լայնորեն կիրառվող թևավոր հրթիռների միջոցով հասցվող մասսայական հարվածների օրինակներով: Մենք դա տեսանք: 2015 թվականից հետո ռուսական բանակը բավական մեծ զարգացում է ապրել այս առումով և իր ուղղությունը թեքել է դեպի այն կոնցեպցիաները, որոնք ժամանակին կային Արևմուտքում:

– Ի դեպ, զինվորականներից շատերը նաև ասում են, որ զուտ մասնագիտական առումով անհրաժեշտ է հետևել նույն սիրիական պատերազմի ընթացքին՝ հասկանալու համար, թե ի՞նչ ուղղությամբ է ռազմարվեստը, ի՞նչ բնույթի են լինում ժամանակակից պատերազմները:

– Այո՛, սիրիական պատերազմը այդ առումով շատ լավ օրինակ է: Եթե նայենք տարեկան ամփոփումները, նույնիսկ պաշտոնական տեղեկագրերը՝ ռուսական բանակը, պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը շատ մեծ հպարտությամբ են խոսում դրա մասին, Ռուսաստանի նախագահն անգամ բազմիցս նշել է, որ օդուժը աննախադեպ զարգացում ապրեց, թռչող տարատեսակ սարքերը՝ ընդհուպ մինչև 5-րդ սերնդի Սու-57 կործանիչներ, գնացին Սիրիա, անցան որոշակի մարտական փորձ, լայնորեն կիրառվեցին նույն ցանցային կառավարման միկրոմոդելները՝ կործանիչներն ինչպե՞ս են աշխատում, օրինակ, ԱԹՍ-ների հետ, ՀՕՊ համակարգերի հետ, ՌԷՊ-ի հետ: Նույն արևմտյան կոնցեպցիաների ռուսականացված լուծումներն են, և եթե խորքային վերլուծություն անենք՝ կտեսնենք, որ ընդհանուր առմամբ, ըստ այդ դինամիկայի, թելադրող կանոնը գալիս է ոչ թե ինչ-որ պետությունից, ոչ թե ինչ-որ տեխնիկական միջոցներից, այլ կանոնների կանոնը, պահանջների պահանջը սեփական զինվորի, սեփական սպայի կյանքի գնահատումն է, փոքր ուժերով և նվազագույն կորուստներով մեծ խնդիրների լուծումն է, մարտական կիրառման ժամանակի կրճատումն է, փոքր ռեսուրսներով մեծ արդյունքների հասնելու մղումներն են: Այս կանոնները աշխարհագրություն չեն ճանաչում, այս կանոնները պետություններ չեն ճանաչում: Դրանք համաշխարհային զարգացման միտումների, կանոնների պահանջներ են: Ուզեն թե չուզեն, ռազմական այս կամ դպրոցները դրանց հետ հաշվի են նստում:

– Իսկ ժամանակակից պատերազմներում, Ձեր կարծիքով, ո՞ր զորատեսակները կամ զինատեսակները կարող են վճռական դեր խաղալ:

– Մի հետաքրքիր բան ասեմ ձեզ: Կոնկրետ ռազմատեսական առումով ես եկել եմ մի հետաքրքիր վերլուծության, որի մասին, ի դեպ, հիմա շատ խորացված գրում եմ ու փորձում եմ նաև իմ դասախոսությունների ժամանակ կիրառել այդ տեսությունները: Ես երկար ժամանակ զբաղվել եմ օդային հարձակման միջոցների ուսումնասիրությամբ և եկել եմ այն եզրակացության, որ օդային հարձակման միջոցների անունը, իրենց դերը, նշանակությունը, որը մեր դեպքում առաջին հերթին ընկալվելու է օդուժի հետ, այսօր պատկանում է ոչ միայն օդուժին: Այսինքն, ինչպես տեսնում ենք ռուսական օրինակով, էլ չեմ խոսում ամերիկյան օրինակի մասին, որը շատ վաղուց կար՝ դեռևս 1982 թվականից, օդային հարձակման միջոցներ, ընդ որում՝ գերճշգրիտ, ունեն նաև այլ զորատեսակներ, օրինակ՝ նավատորմը, ընդ որում՝ դասական նավատորմը՝ ոչ միայն ավիակիրները, այլ, ասենք, սուզանավերը. «Վիրջինիա» սուզանավերը թևավոր հրթիռների այնպիսի խտություն են կարողանում ապահովել, որոնք և՛ միայնակ, և՛ դասական օդուժի հետ համակարգված հարվածի դեպքում մեծ արդյունավետություն են ապահովում: Կամ, ասենք, հիմա հրթիռահրետանային ուժերը, այդ թվում՝ մեր հրետանին ևս, շնորհիվ «Իսկանդերի», «Տոչկա-Ու»-ի, «Սմերչի» տարատեսակ գերճշգրիտ հրթիռների, համակարգված հրթիռահրետանային հարված են հասցնում: Դրանք բոլորը ՕՀՄ-ներ (օդային հարձակման միջոցներ) են, դրանք բոլորը կամ մեծամասամբ գերճշգրիտ են և դրանք բոլորը կարող են լայնորեն լրացնել նույն Սու-30ՍՄ-ի թևի տակից արձակված հրթիռներին և զուգորդված, միաժամանակյա, տարբեր հետագծերով հարվածներ հասցնելով հակառակորդին՝ լինեն շատ արդյունավետ:

Հիմա կա ևս մի նոր միտում, որը գումարվում է այս ամենին: Ստացվում է, որ կարող ես գետնից արձակել հրթիռահրետանային միջոցներ, կարող ես ծովից արձակել թևավոր հրթիռներ, կարող ես օդուժից արձակել թևավոր կամ աերոբալիստիկ կամ սովորական ավիառումբեր, և այսօր նաև ցամաքային զորքերի սպառազինության մեջ լայնորեն ու մեծ խտությամբ կիրառվում են տարբեր տեսակի ԱԹՍ-ներ, այսինքն՝ մի սովորական մոտոհրաձգային գունդը կարող է իր սպառազինության մեջ ունենալ, ասենք, մի քանի տասնյակ միավոր հարվածային ԱԹՍ-ներ, որոնք միաժամանակ արձակելով և խելամիտ պլանավորման, շտաբների աշխատանքի համադրման դեպքում այդ բոլոր ՕՀՄ-ները միաժամանակ ներխուժեն հակառակորդի պաշտպանության տիրույթ՝ ստեղծելով այնպիսի մի խտություն, այնպիսի մի ճնշում, այնպիսի մի հարվածային ուժ, որ ուղղակի քանդեն ամբողջ պաշտպանությունը:

Հիմա հարց է առաջանում՝ ո՞ր զորատեսակին է պատկանում առավելությունը: Գալիս ենք այն եզրակացության, որ ոչ մեկին էլ չի պատկանում, բոլորինն է արդեն, այսինքն՝ բոլորն են օժտված ճշգրիտ, հեռահար, դիպուկ ՕՀՄ-ներով:

Եվ այս ամենից հետո գալիս է մի հաջորդ մակարդակ (սա նոր միտում է ռազմարվեստում), որը կոչվում է «խառը զորատեսակային կազմավորումներ»: Այսինքն՝ ձևավորվում են խառը զորատեսակային կազմավորումներ, օրինակ՝ մի բրիգադ, որը, կարծես, բաղկացած է դասական 5 կամ 6 գումարտակներից, բայց այդ բրիգադն այլևս ո՛չ տանկային է, ո՛չ հետևակային է, ո՛չ հրետանային է, ո՛չ ինժեներական է, ո՛չ ՀՕՊ է, այլ բոլորը միասին են, և այդ բոլոր զորատեսակները գրեթե հավասարաչափ տեսակարար կշիռ ունեն այդ բրիգադի մեջ: Եվ ստացվում է, որ խառը կազմության, տարատեսակ զորատեսակներին պատկանող այդ զորամասը այլևս տարրալուծված է, բարդակազմ է, որովհետև տանկիստին պետք է շատ խիտ հրետանային օգնություն, հետևակին պետք է շատ խիտ տանկային օգնություն, և այդ ամենը զուգորդված, իրար հետ կիրառվում է:

– Կործանիչներին էլ ամենաշատը հակաօդային պաշտպանության միջոցնե՞րն են օգնում: Հատկապես ո՞ր զորատեսակների հետ է համագործակցում կործանիչ ավիացիան:

– Դա էլ է հետաքրքիր: Ժամանակին մենք ընկալում էինք, որ դասական ՀՕՊ-ը սեփական հայտնաբերման միջոցներով՝ ռադիոտեղորոշման կայաններով, պիտի վերահսկի օդը, օդից եկած միջոցներին գտնի ու ինքը խոցի, բայց հիմա ստացվում է, որ հայտնաբերվել են բազում փոքր, մանր, դանդաղ թռչող կամ ընդհակառակը՝ շատ արագ թռչող ՕՀՄ-ներ, ու այդ ՀՕՊ-ը միայնակ դատապարտված է դրանց դեմ, չի կարող այդ խնդիրը լուծել: Եվ որպեսզի բարձրացնենք ՀՕՊ-ի էֆեկտիվությունը՝ մենք դրան ցանցային կառավարմամբ կապում ենք ԱԹՍ-ի հետ, որը ավելի հեռվից է տեսնում օդային տիրույթում կատարվող երևույթները, այդ ՀՕՊ-ին ցանցային կառավարմամբ կապում ենք կործանիչի հետ, որը վերևից է և ֆիզիկայի օրենքների համաձայն, բնականաբար, վերևից ավելի հեշտ ու հեռու է տեսնում: Հետևաբար, այդ ամենը փոխկապակցված, մի ընդհանուր, նոր մակարդակի համազորային մարտ է ստացվում:

Ընդհանրապես ՕՀՄ-ների բուռն զարգացման փուլերում (այդպիսի փուլեր են եղել, ասենք, Սառը պատերազմի սկիզբը, այդպիսի փուլեր են եղել 5-րդ սերնդի պատերազմների ի հայտ գալուց հետո՝ 1982-91 թթ.) ՀՕՊ-ը միշտ հայտնվել է ծանր կացության մեջ, և հետո այդ խնդրի լուծումը գտնվել է ավելի շատ համալիր բարեփոխումներով, ոչ թե անհատական ինչ-որ մի զինատեսակի ծնունդով: Այս խնդիրը կոմպլեքս բարեփոխումներ է պահանջում:

Ես կարծում եմ և իմ «Ռազմարվեստ» հատորյակի հիմքում դրված է այդ հայեցակարգը, որ ապագան ցանցահարթակակենտրոն (ՑՀԿ) պատերազմն է, որտեղ բոլոր խոցման և հայտնաբերման միջոցները տեղեկույթային փոխանակման իդեալական միջավայրում են գտնվում, իրար հետ շատ ինտենսիվ, օնլայն ռեժիմով փոխանակում են հետախուզական տվյալները և գետնից լինի, օդից թե ծովից՝ իրենք և՛ հայտնաբերում են, և՛ խոցում են համակարգված՝ իրար հետ: Այլապես առանձին մնալով՝ որևէ զորատեսակ ի վիճակի չէ միայնակ իր խնդիրը լուծել: Դա անհնար է:

Իսկ ԱԹՍ-ները, լինելով փոքր, դժվար հայտնաբերվող, դժվար ֆիզիկային լուծումներ ունեցող թռչող սարքեր, մեծ, շա՜տ մեծ հեռանկար են բացում, որովհետև ափիդ մեջ տեղավորվող կամ ափիդ մեջ նույնիսկ մի քանի հատ տեղավորվող փոքր դրոններից սկսած՝ մինչև քաղաքացիական ինքնաթիռների չափեր ունեցող ԱԹՍ-ներ կան, որոնցից յուրաքանչյուրը մի ֆունկցիա է կատարում, և կարող են, ասենք, մեկ գնդի ճակատի, պայմանականորեն՝ 15 կիլոմետրանոց ճակատի վրա թռչող սարքերի այնպիսի խտություն ապահովել, որ ոչ մի դասական ՀՕՊ չդիմանա դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում