Կառավարության մայիսի 27-ի նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը:
Միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը մրցունակ գործարար ծրագրեր իրագործելու եղանակով: Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Օժանդակության նպատակն է` ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը, շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը: Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75 տոկոսը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25 տոկոսը՝ որպես դրամաշնորհ», – ասաց նախարարը: