Վրաստանում հասարակական տրանսպորտը, որի աշխատանքը դադարեցվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կսկսի գործել մայիսի 29-ից: Այս մասին, չորեքշաբթի օրը, միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է «Sputnik-Georgia»-ն:
Վրաստանում հասարակական տրանսպորտը, ներառյալ միջքաղաքային երթևեկությունը, ընդհատվել էր մարտի կեսերին՝ նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման սպառնալիքի պատճառով:
«Մայիսի 29-ից կվերսկսի աշխատանքը քաղաքային տրանսպորտը, ներառյալ մետրոն»,- ասել է Գախարիան:
Նա հավելել է, որ դա տեղի է ունենալու միայն անվտանգության նորմերի պահպանման պայմանով:
«Անհրաժեշտ է անպայման դիմակներ կրել: Դրա համար պատասխանատու կլինեն քաղաքային տրանսպորտի ղեկավար կազմակերպությունները կամ մասնավոր տրանսպորտային միջոցների սեփականատերերը»,- ասել է Գախարիան:
Վրաստանում մարտի վերջին մտցված արտակարգ դրությունը չեղարկվել է մայիսի 23-ին: Այժմ երկիրը սահմանափակումների աստիճանական չեղարկման փուլում է: