Վրաստանում ռեստորանները, բարերը, սրճարանները, որոնք փակվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կվերսկսեն աշխատանքը հունիսի 8-ից: Այս մասին, չորեքշաբթի օրը, միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է «Sputnik-Georgia»-ն:
Վրաստանում այդ հաստատությունները փակվել էին մարտի կեսերին՝ նոր COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման սպառնալիքի պատճառով:
Վարչապետը նշել է, որ բացօթյա ռեստորանները կարող են բացվել արդեն հունիսի 1-ից:
«Հունիսի 8-ից կբացվեն նաև հյուրանոցները, որոնք կստուգվեն առողջապահության նախարարության համապատասխան ծառայությունների կողմից և հատուկ թույլտվություն կստանան»,- ասել է Գախարիան:
Վրաստանում մարտի վերջին մտցված արտակարգ դրությունը չեղարկվել է մայիսի 23-ին: Այժմ երկիրը սահմանափակումների աստիճանական չեղարկման փուլում է: