Այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ հայտարարությունների ժամին անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ ինքը այլ վիրուսի մասին պետք է խոսի. «Վերջին օրերի որոշ իրողություններ միտում ունեն մեզանում վերջնականապես թաղելու Հայաստանի դատական համակարգը առողջացնելու հույսերը: Իշխանությունը հրաժարվում է հռչակում-խոստումից, ինչը չի նշանակում, որ մենք էլ պետք է հրաժարվենք: Մենք դա ապացուցելու ենք գործով»:
Նա ընդգծեց, որ ՀՀ քաղաքացիներին սեփականությունից զրկած, նրանց իրավունքները ոտնահարած, պետության բռնազավթմանը մասնակցած ոչ մի գործող դատավոր անպատիժ չի մնալու:
«Արդարադատության ձեր նախարարը, ԲԴԽ-ում Արթուր Վանեցյանի կողմից ներդրված Ռուբեն Վարդազարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը եթե բոլորով, ձեռք ձեռքի տված փորձեն պաշտպանել թալանչի դատավորներին, միևնույն է` չեն կարողանալու, որովհետև ժողովրդի ցասումն անսահման է: Այս հարցում չի լինելու ոչ մի կոմպրոմիս»,- նշեց պատգամավորը:
Արման Բաբաջանյանը թվարկեց մի շարք դատավորների անուններ և նշեց. «Այս դատավորները պատասխան են տալու քաղաքական պատվերով մարդկանց ապօրինաբար անազատության մեջ պահելու համար: Եթե հեղափոխական իշխանությունը մոռացել է հեղափոխության ամենակարևոր խոստումը արդարություն հաստատելու մասին, մենք այդ մասին կհիշեցնենք ամեն օր` խոսքով ու գործով, այստեղ` Ազգային ժողովում և հանրային հնարավոր բոլոր այլ միջոցներով»:
Մանրամասները՝ տեսանյութում: