Լուրեր
Արցախի ոստիկանապետ նշանակվեց Աշոտ Հակոբջանյանը, նրան շնորհվեց գեներալ-մայորի կոչում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ոստիկանության աշխատողներին ներկայացրեց ոստիկանության նորանշանակ պետ Աշոտ Հակոբջանյանին: Հարությունյանը ոստիկանության գնդապետ Հակոբջանյանին շնորհեց գեներալ-մայորի կոչում:

Մեկ այլ որոշմամբ ոստիկանապետ Լեւոն Մնացականյանը ազատվեց պաշտոնից: Հարությունյանը շնորհակալություն հայտնեց նրան համագործակցության համար՝ ընդգծելով, որ միասին 27 տարվա ճանապարհ են անցել: Հարությունյանը խոսեց հատկապես 2016-ի պատերազմի շրջանի մասին, երբ ինքը վարչապետ է եղել, իսկ Լեւոն Մնացականյանը՝ Պաշտպանության նախարար:

Արցախի նախագահը վստահեցրեց, որ կադրային փոփոխությունները չեն նշանակում, որ դժգոհ է գործող կադրերից, այն պաշտոնայներից, որոնք մինչեւ այսօր ծառայություն են մատուցում: Մատնանշելով օրերս տեղի ունեցած մի հանցագործություն՝ Հարությունյանն ասաց, որ համակարգը պատշաճ չի արձագանքել այդ խուլիգանությանը, պետք է բացառել նման դեպքերը:

Միեւնույն ժամանակ Հարությունյանը վստահեցրեց, որ Մնացականյանի հետ համագործակցության եզրեր կգտնեն:

Լեւոն Մնացականյանն իր խոսքում ընդունեց նախագահի մատնանշած դեպքի մասով ոստիկանության թերացումը, ասաց, որ ուշ է զեկուցվել: Փոխարենը, ըստ նրա, ծառայողական քննություն է նշանակվել, եւ մանրամասները կպարզվեն:

Նորանշանակ ոստիկանապետ Հակոբջանյանն իր առաջին հրամանով Լեւոն Մնացականյանին օրենքի եւ օրինակության պահպանման, հասարակական կարգի պահպանման գործում զգալի ավանդ ունենալու համար պարգեւատրեց «Օրենքի պահապան մեդալով»:

Նշենք, որ Աշոտ Հակոբջանյանը մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը:

  • Դիտումներ՝ *