Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքի «Մեծ կամ Սուրբ Լոուրենս եկեղեցում» զանգերի ղողանջների ուղեկցությամբ բարձրախոսներով հնչեցրել են թուրք հայտնի երգիչ Աշըք (աշուղ) Վեյսելի «Երկար-բարակ ճանապարհին եմ» (Uzun İnce Bir Yoldayım) երգը, ինչը լրատվամիջոցների և սոցցանցերի քննարկման առարկա է դարձել։
BBC-ի թուրքական ծառայության հետ զրույցում Ռոտերդամում «Թուրքերի համար խորհրդատվական խորհուրդի» (IOT) նախագահ Զեքի Բարանը հայտնել է, որ թուրքական երգը եկեղեցում միացվել է կորոնավիրուսի համավարակի ընթացքում քաղաքի բնակչությանը ոգևորելու և տարբեր մշակույթներ կրող անձանց շփման մեջ ներգրավելու համար։
Զեքի Բարանը, որը նախկինում եղել է նաև Ռոտերդամի ավագանու անդամ, նշել է, որ քաղաքի բնակչության կեսից ավելին կազմում են փախստականները։ Բարանն ասել է նաև, որ Սուրբ Լոուրենս եկեղեցին մինչ այս դեպքը տարբեր մշակութային երգեր է հնչեցրել։ Նրա խոսքով՝ թուրքական այդ երգը, որը ծանոթ է քաղաքի թուրք փախստակններից յուրաքանչյուրին, մեծ բավականություն է պատճառել նրանց։
Նշենք, որ Սուրբ Լոուրենս եկեղեցին կառուցվել է 1350թ․։