Լուրեր
Քաղաքացիներն ընդդեմ Տիգրան Ավինյանի դատական նիստը հետաձգվեց
  • 18:34
  • 2020-05-25
  • Դիտումներ՝ *
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ քաղաքացիներն ընդդեմ Տիգրան Ավինյանի քաղաքացիական դատական հերթական նիստը:
15 հայցվորները պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետին հերքել զրպարտություն համարվող հետևյալ տվյալները՝ 2019թ․ հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ Տիգրան Ավինյանի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ հայցվորներից մի քանիսը ուղիղ հարցում են արել Տ․ Ավինյանին, թե արդյո՞ք կոնկրետ իրենց նա ի նկատի ունի իր հայտարարությամբ, Ավինյանը հրաժարվել է մեկնաբանել։
Տիգրան Ավինյանի հայտարարության տեքստին նման տեքստեր բազմիցս հնչեցրել է Լիդիան Արմենիա ընկերությունը նախկինում, սակայն հենց բարձրաստիճան պաշտոնյայի այս հայտարարությանն է Լիդիանը հղում կատարում միջազգային դատական ատյաններում պնդելու համար, թե իրենք «բարեխիղճ գործարար» են, իրենց դեմ «այլ հանքային բիզնեսներ» արշավ են վարում և ուղիղ մեջբերում են Ավինյանի խոսքերը։
Սույն դատական գործը ոչ միայն Ամուլսարի պայքարի խնդրին, պաշտոնյաների՝ քաղաքացիների հանդեպ պատասխանատվությանն ու հաշվետվողականությանն է վերաբերում, այլև լրջագույն նշանակություն ունի Հայաստանի միջազգային վարկանիշի առումով, քանի որ մասնավոր հանքային ընկերությունը օգտագործում է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների անհիմն խոսքերը ընդդեմ Հայաստանի Հանրապետության շահերի։

  • Դիտումներ՝ *