
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը։
– Պարոն Կարախանյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս կայացած տեսակոնֆերանսի ժամանակ մերժեց ԵՏՄ միասնական էներգետիկ շուկայի և գազի գնագոյացման մեխանիզմի մասին Հայաստանի և Բելառուսի հարցադրումները։ Ինչպե՞ս կբնութագրեք ԵԱՏՄ-ում ստեղծված իրավիճակը։
– Իրավիճակը շատ պարզ է, պարզ թվաբանություն։ Հայաստանի, Բելառուսի, մյուս կողմից՝ Ռուսաստանի գործողությունները շատ տրամաբանական են։ Բնական է, որ Հայաստանն ու Բելառուսը պետք է ձգտեն, որ իրենց գազի, էներգակիրների գինն իջեցվի։ Բայց կա պարզ թվաբանություն՝ տարվա կեսն է, մայիսի վերջն է, գազի գինը դրված է բյուջեի մեջ, կա հարկային համալիր սպասվող եկամուտների մեջ։ Ռուսաստանի ծախսային ֆոնդում բոլոր հաշվարկներն արված են։ Ու հիմա մենք վերցնում ու տարվա կեսերից ասում ենք՝ Ռուսաստան, գազի գները հիմա ընկել են, բայց տարվա կեսերից հնարավոր է բարձրանա, քո բյուջեում այդ ամենը հաշվի է առնված, դու արի գնա խոշոր վնասների, բայց մեզ համար իջեցրու գները։ Հիմա փաստորեն Ռուսաստանին դա է առաջարկվում։ Ի՞նչ պետք է ասի Ռուսաստանը, պարզ բան։ Ենթադրենք՝ ես գնում եմ բյուջեի վնասների, կորցնում եմ իմ եկամուտները, տուժում եմ, դրա դիմաց՝ ի՞նչ։ Փաշինյանն իր ելույթում ասում է՝ գնում ենք խորը ինտեգրացման, գազի գինն իջեցրեք։ Հաջորդ քայլերն արդեն այն են, ինչ Պուտինն ասում է՝ միասնական շուկա, միասնական համապատասխան տարիֆների ու տրանզիտների կարգավորում։ Կա երկու ճանապարհ. ասում ենք՝ եկեք մշակենք փաթեթ ու խորը ինտեգրացիոն հարցերին սկսենք լուծում տալ, եթե Հայաստանը ստրատեգիական տեսակետից պատրաստ է դրան։ Եթե Հայաստանի վարչապետն է դա ասում՝ մնացած գոռգռոցներն ու ձայները ավելորդ են՝ առ այն, թե Ռուսաստանը մեր ինքնիշխանությունն է ոչնչացնում։ Այսինքն՝ չի կարելի գալ ասել մի բան, հետո պտտվել ու ասել՝ Մոսկվան չի էլ ամաչում, մեծապետական ծրագրերով ուզում է մեր ինքնիշխանությունը ոչնչացնել։ Կամ երկրորդ տարբերակը՝ շատ փորձագետների կարծիքով՝ ավելի իրատեսական է այն, որ Հայաստանը մշակի էներգետիկ անվտանգության համապարփակ ծրագրային մոդել, որի շրջանակներում նման կազուսներ տեղի չեն ունենա, և որի շնորհիվ կմեղմես գազի գինը Հայաստանի սպառողների համար։ Հարցն այն է, որ ժողովուրդը պետք է քիչ գին վճարի գազի համար, ու դրա համար պետք է այդ մոդելը ստեղծվի։ Բայց այս ամենը վերջանում է Խորհրդային Միության հայտնի ավանդույթով՝ վազենք Մոսկվային ասենք՝ մեզ մի քիչ լիմիտ, քվոտա տա, իջեցնի գները։ Զարմանալի է, որ հեղափոխական իշխանության ապարատը մինչև հիմա այս տրամադրության տակ է։ Հարց լուծելու փոխարեն ասում են՝ գնանք խնդրենք, թող էժանացնեն։ Մարդիկ ունեն իրենց բյուջեն, իրենց բնակչության համար սոցիալական ծրագրեր։ Այսինքն՝ պետք է ասենք՝ ոչինչ, ձեզ վնաս տվեք, մեզ համար էժանացրեք ու գնացեք վնասների, բայց մենք էլ չգնանք ընդհանուր ինտեգրացիոն միասնական ու խորը համակարգին, ինչի մասին մենք ինքներս ասում ենք։ Եթե աղմուկը դնենք մի կողմ, չոր իրականությունը հենց սա է։
– Այդ խորը ինտեգրացիան ենթադրում է ինքնիշխանության զիջո՞ւմ։
– Դա էլ է հարաբերական, որովհետև ինքնիշխանության զիջումը ցանկացած միության շրջանակներում արդեն ինչ-որ քանակի կա։ Ամեն երկիր ինքն իր համար այս հարցը լուծում է։ Հայաստանի համար կան շատ ավելի լուրջ ռազմարդյունաբերական խնդիրներ, այստեղ կոպիտ աջ կամ ձախ անել չի կարելի։ Մի տեղ կարող ենք կորցնել, մի տեղ շահել, ու պետք է մեր հաշվարկը ճիշտ անենք։ Հայաստանի իշխանությունները պետք է հստակ որոշեն՝ ինքնիշխանության որ մասը կարող են զիջել, որը՝ ոչ։ Ոչ թե գան ասեն՝ գնացեք ձեր ժողովրդի առաջ պատասխանատվություն կրեք, մեզ տվեք, բայց մենք էլ չենք գնա ինտեգրացիոն այն ծրագրին, ինչի մասին մենք ինքներս ասում ենք։ Գոնե այդ պահին մի ասեք, ասեք ուրիշ ձև, շատ հախուռն տպավորություն թողեց այդ կոնֆերանսը Ռուսաստանի, նաև միջազգային փորձագետների վրա, որոնք ուշադրությամբ հետևում էին այս իրավիճակին։ Այս իրավիճակում Հայաստանի պահվածքը շատ զարմանալի էր։ Ոչ բոլորը հասկացան այս իրավիճակը, ասում են՝ ի՞նչ է ուզում Հայաստանը՝ գնալ խորը ինտեգրացիայի՞, թե՞ պարզապես ուզում է խոսել՝ շատ լավ հասկանալով, որ այդ խոսակցությունը արդյունք չի ունենալու։ Ուստի շատ լավ կլինի ստեղծել էներգետիկ անվտանգության մոդել, որի մասին այսքան տարի է՝ խոսում ենք, ինչքան փայլուն մասնագետներ կան Հայաստանում այդ ծրագրերը կազմելու համար։ Անցած իշխանություններին հասկանում եմ, բայց հիմիկվա իրավիճակով այս ամեն ինչով չզբաղվելը ֆոբիաների խնդիր է առաջացնում։ Եվ վերջապես, «Գազպրոմ Արմենիան»՝ կապ չունի, որ 100 տոկոսանոց ռուսական կազմակերպություն է, գործում է Հայաստանում, հավաքեք ու ասեք՝ «Գազպրոմ Արմենիա», գործունեության արդյունավետությունը պետք է շատ բարձր մակարդակի վրա լինի։ Չի կարելի մենեջմենթը խառնել այլ բանի հետ ու ասել՝ պետք է առնենք այս գնով ու վերջ, գնացեք ինչ ուզում եք՝ արեք։ Եթե իրականում իրենք նորմալ ղեկավարողներ են, պետք է գտնեն ավելի արդյունավետ գործիքներ ու տան այն քանակները, որով հնարավոր է իջեցնել գազի գինը։
Ուզում եմ ասել, որ Հայաստանի համար ավելի ճիշտ կլինի որոշել՝ ինքնիշխանության որ քանակն է զիջվում, մինչև ուր կարող է գնալ, եթե այդ տարբերակն է ընտրվում։ Եվ երկրորդը՝ վերջապես ստեղծել էներգետիկ անվտանգության մոդելը ու այն մեխանիզմները, որով սպառողների հոգսերը կարող են թեթևանալ։ Ոչ մի պրոբլեմատիկ ու դժվար բան չկա։ Ժամանակն անցնում է, գալիս ու իբր տրամաբանական բան ենք ասում՝ գներն ընկել են, եկեք քչացնենք, բայց այս երկիրն էլ իր բյուջեն ունի, իր բնակչության համար ծախսեր պետք է անի։
– Ստեղծված անհամաձայնությունը ի՞նչ խնդիրներ է առաջացնում ԵԱՏՄ-ում, այդ կառույցի կենսունակության վրա ինչքանո՞վ է անդրադառնում։
– ԵԱՏՄ-ի կենսունակության հարց չկա, ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է ու միշտ աշխատանքի մեխանիզմներ գտնում է։ Հետագայի համար ոչ մի խնդիր չկա, ինչ-որ ուղղություններով կլինի ավելի խորը ինտեգրացիա, ինչ-որ ուղղություններով՝ ոչ։ Այս ամենը որոշում են անդամ երկրները։ Ընդհանրապես ոչ մի խնդիր չկա, ստեղծված աղմուկը պարզապես խանգարում է մարդկանց օբյեկտիվ իրավիճակը հասկանալու։ Պատրաստ չենք այս հարցերով գնալ խորը ինտեգրման՝ ավելի լավ է չասենք։ Կամ էլ ստեղծենք էներգետիկ անվտանգության ծրագիր ու դիմակայենք իրավիճակին. սպառողի համար իջեցնենք գազի գինը։ ԽՍՀՄ վատ ավանդույթներով չասենք՝ գնանք Իվան Իվանիչի կաբինետ մտնենք, մի երկու հատ կոնյակով խնդրենք՝ մեզ լիմիտ տուր, լավ ապրենք։ Զարմանալի է, որ հեղափոխական իշխանությունն աշխատում է այս տրամաբանությամբ։