ԵՏՄ միասնական էներգետիկ շուկայի և գազի գնագոյացման մեխանիզմի մասին Հայաստանի և Բելառուսի հարցադրումների մերժումը հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում ուշագրավ մեկնաբանությունների առիթ դարձավ։ Մեր փորձագետներից շատերն են բազմիցս բարձրաձայնել ԵԱՏՄ անգործության, անկենսունակության մասին, ամենակարևոր պահերին աջակցություն չցուցաբերելու և այլ խնդիրների մասին։ Եվ ահա Պուտինի հնչեցրած հայտարարությունները մի կողմից՝ խոսում են Ռուսաստանի մեծապետական հավակնությունների մասին, մյուս կողմից՝ ևս մեկ ապացույց են այն բանի, որ այդ կառույցից որևէ օգուտ, գոնե այս պահին, չկա։
ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ ԵԱՏՄ-ն արդյունավետ է այն իմաստով, որ ռուսական իմպերիան իր վասալներին քաղաքակիրթ ապահարզան է տալիս: «Մանավանդ հիմա, երբ տնտեսական ճգնաժամ է, իսկ Ռուսաստանում նաև քաղաքական խորը ճգնաժամ՝ երկու առանցքային պաշտոնյաները, նախագահն ու վարչապետը բունկերից են կառավարում երկիրը։ Երկիրն անկառավարելի է դարձել, քանի որ գլխավոր կառավարիչները երկուսն էլ կառավարման վահանակից հեռացել են, իսկ այս հեռակառավարումն անթույլատրելի է գերկենտրոնացած համակարգ ունեցող երկրում։ Որպեսզի այդ կառավարման համակարգը կարողանա պահել իր արբանյակներին, կառավարել նրանց՝ դա արդեն հեքիաթների բնագավառից է։ Անկառավարելի է հենց ինքը՝ Ռուսաստանը, նաև Մաքսային Միությունը, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ն ու ԱՊՀ-ն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Արշակյանն ընդգծեց՝ որոշ գուբերնիաներ նույնպես անկառավարելի են. «Պատկերացրեք՝ այսքան ծանր ճգնաժամի ժամանակ իշխանությունը հայտարարում է, որ նպատակ ունի միավորել Կոմի ԱՍՍՌ-ը կողքի այլ ավտոնոմ մարզերի հետ ու դարձնել մի միավոր։ Նահանգապետը պատասխանում է՝ ոչ, համաձայն չենք, Մոսկվա, մենք չենք ուզում միավորվել հյուսիսային էսկիմոսների հետ։ Այսինքն՝ այդպիսի անհնազանդության ակցիան աներևակայելի էր Ռուսաստանում։ Երբ Կալմիկիայի ղեկավարը ասաց, որ համաձայն չէ Պուտինի կարծիքի հետ՝ ազատազրկվեց, ունեցվածքը բռնագանձեցին։ Նշանակում է, որ ռուսական իմպերիայի որոշ ուժեր մեզ հրաժեշտ են տալիս։ Շատ կոպիտ է, երբ կարևոր երկու դաշնակիցներ նման հայտարարություն են անում, եթե Բելառուսն ու Հայաստանը չկան Եվրասիական միությունում, ապա այն արդեն ոսկե հորդա է։ Եթե Բալթիկան, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը, Մոլդովան չկան ՝ դա արդեն ռուսական իմպերիա չէ, ոսկե հորդա է։ Եթե Հայաստանն ու Բելառուսը հեռանան, Ռուսաստանն այնտեղ դառնալու է ենթակա, կեցցե՛ 16-րդ դարը։ Դրա համար էլ ես կարծում եմ, որ շատ լուրջ վերափոխումներ են, լինելու, հարկավոր է ճիշտ կողմնորոշվել ու մեր շահերը ժամանակին ներկայացնել Եվրասիական տնտեսական միությանը»։