
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով: Նրան ինքնաթիռով տեղափոխել են մոսկովյան կլինիկաներից մեկը: Այս մասին հաղորդել են Baza-ն և «Ինտերֆաքս»-ը: Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, Կադիրովը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նույն տեղեկատվությունն է հաղորդում նաև ՏԱՍՍ-ը՝ սեփական աղբյուրին հղումով:
Baza-ի տվյալներով, ախտահարված են Կադիրովի թոքերը, ավելի վաղ նա բողոքել է վատ ինքնազգացողությունից, բայց դա վերագրվել է սովորական մրսածությանը, իսկ վերջին օրերին նրա վիճակը կտրուկ վատթարացել է:
Ավելի վաղ, մեկ այլ Telegram-ալիք, «Չեչնիայի կառավարության որոշ աղբյուրներին» հղումով, հաղորդել էր, որ Կադիրովի հետ հոսպիտալացվել է առողջապահության տարածաշրջանային նախարար Էլխան Սուլեյմանովը:
Չեչնիայի ղեկավարի օգնական և «Գրոզնի» ՉՊՀՌԸ-ի տնօրեն Ախմեդ Դուդաևը հերքել է իր, Կադիրովի և Սուլեյմանովի հոսպիտալացման մասին տեղեկությունները: