Արցախը Հայաստան է, և վերջ։ Արցախի նախագահի պաշտոնը ստանձնած Արայիկ Հարությունյանը, ստանձնելով իր պաշտոնը, ելույթի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ` կրկնելով դեռ նախորդ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը։
2019–ին օգոստոսի 5-ին Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքին հանդես էր եկել ծրագրային ելույթով և ասել, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այս հայտարարությանը հաջորդել էր ադրբեջանական կողմի բուռն արձագանքը։ Փաշինյանը վերոնշյալ թեմայով խոսել էր Գերմանիայում` Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում` պատասխանելով Բեռլինում ադրբեջանցիների համայնքի ներկայացուցիչների հարցերին։
«Երբ 28 տարի առաջ Արցախի համար կռիվ էինք տալիս, երազում էինք ունենալ միացյալ ու ազատ հայրենիք։ Այժմ նորանոր երազանքներին հասնելու ժամանակն է` մեծ երազանքների։ Ժամանակն է երազելու ու գործելու` ռազմական, տնտեսական հայրենիք կերտելու ուղղությամբ»,–ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` խորհրդանշական է, որ Արցախի նախագահի պաշտոնը ստանձնում է պատմական Շուշիում` հաղթական մայիս ամսին։