Ես չեմ հետևում այդ մարդու գրառումներին, առավել ևս կոչերին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի վերջին հայտարարություններին, որտեղ նա դիմել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, կոչ անելով քայլ անել, իրենց միջից ընտրել վարչապետի թեկնածու կամ թեկնածուներ:
«Ես կարծում եմ, որ Միքայել Մինասյանը՝ չգտվելով Հայաստանում, բավականին անլուրջ հայտարարություններ է անում այստեղ տեղի ունեցողների ու իրադարձությունների վերաբերյալ: Գտնվելով հետախուզման մեջ, հանդես գալով, այսպես ասած, հայրենասիրական կոչերով, նա ընդամենը դատարկ հայտարարություններ է անում այն մարդկանց համար, որոնք միշտ եղել են իր հետ: Այսինքն այն փոքրիկ խմբակի համար, որը երբեք Հայաստանի համար արժեք չի ստեղծել, բացի Հայաստանին վնասելուց: Հիմա փորձում է իր հերթական քայքայիչ, Հայաստանի համար որևէ դրական միտք չպարունակող հայտարարությունն անել»,-ասաց նա: